Արցախի հարցում նոր իշխանությունը որդեգրել է ընդգծված կրավորական դիրքորոշում և փորձում է մեզ պատրաստել Ադրբեջանի հետ գործարքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը` ամփոփելով անցնող քաղաքական տարին.
«Ընկերներ ջան
Այսօր ավարտվում է աշխատանքային տարին, ես էլ ձեր թույլտվությամբ այս տարվա վերջին «քաղաքական» գրառումն եմ անում, ամփոփելով անցած տարին, նրա բերած հնարավորությունները, ու ծնած վտանգները։ Եթե մի քիչ սովորականից երկար ստացվի, ներող եղեք, ամեն օր տարի չենք փակում, ես ել դեռ չեմ սովորել կարճ գրել։
Սկսած 1988 թվականից, մեր երկիրը տաս տարին մեկ հայտնվում է քաղաքական ցնցումների մեջ, և այս տարին հերթական մեծ ցնցումների տարին էր։ Մեր մեջ վերջին քսան (բայց նամանավանդ վերջին հինգ) տարիների ընթացքում պարզապես անսպառ դժգոհություն էր կուտակվել։ Թվում էր, թե երկրում ինչ որ ոլորտներ զարգանում են, մեզնից յուրաքանչյուրը իր գործը լավ-վատ անում է, կյանքի հավաքական որակը դանդաղ, բայց այնուամենայնիվ լավանում է՝ բայց նաև չէր լքում անհուսության և ինչ որ մի աներևույթ դատապարտվածության զգացումը՝ ամեն տարի շարունակվող արտագաղթ, ավանդական հայկական գյուղի քայքայում, հակառակորդի աճող հոխորտանք ու ագրեսիա, մեր աճող խեղճություն ու կրավորականություն, շղարշված համատարած խաբկանքով ու իմիտացիայով։ Ակնհայտ էր, որ մենք մտել էինք դանդաղ դեգրադացման ցիկլի մեջ, և ամեն տարի հալումաշ ենք լինում, մինչև մեր հավաքական ուժերը հատենք կրիտիկական սահմանը, որից հետո սկսվում է անկախության անդառնալի կորուստը, և օտարի «փրկարար» իշխանության տակ ապրելու հերթական անփառունակ շրջանը։
Մենք պետք է ընդվզեինք ինքներս մեր դեմ, և Սերժն ընդամենը առիթ էր՝ մերժելով նրա իշխանության երկարաձգումը, մենք մերժում ենք մեր սեփական կրավորականությունը, խղճի և ճշմարտության հետ անվերջանալի կոմպրոմիսները, մեր անընդունակությունը վճռականորեն կանգնել զարգացման և առաջընթացի ուղու վրա։ Մենք համարյա բոլորովս 8 ամիս առաջ մերժեցինք Սերժին, և նա էլ հեռացավ, թերևս ինքն էլ գիտակցելով, որ հեռանալով՝ ճանապարհ է բացում երկրի նորացման համար, միաժամանակ նաև խորամանկաբար հասկանալով, որ այդ նորացումը կարող է և նոր մարտահրավերներ բերել, ու սրել հները։ Ի պատիվ մեզ բոլորիս, այդ հեռացումը եղավ անարյուն, այս անգամ, ի տարբերություն նախորդների, հեղափոխությունը ոչ մի զոհ և ոչ մի կողմից չտարավ։
Սերժի հեռանալուց (կամ հեռանալու տպավորություն ստեղծելուց) 8 ամիս հետո, նոր տարվա շեմին, մենք կանգնած ենք սակայն բազմաթիվ հարցականների առաջ։ Հեղափոխության առաջին ոգևորությունը անցել է, և մենք աստիճանաբար սկսում ենք գիտակցել, որ հավաքական «Սերժը» մեր կյանքից բոլորովին էլ չի հեռացել, նա մեր մեջ է, և լավ էլ ամուր նստած է։
Մեր տնտեսությունը այս ընթացքում, բնականաբար, որևէ թռիչքային աճ չի ունեցել (և չէր էլ կարող), իսկ նրա որոշ կարևոր ճյուղեր նույնիսկ թռիչքային անկում եմ ունեցել՝ նոր իշխանության մասնագիտական անձեռահասության պատճառով։ Հեղափոխության ստեղծած ամենաթողության մթնոլորտը, զուգորդված չափից դուրս «գթառատ» համաներմամբ, բերել է իրավապահ մարմինների հեղինակության և արդյունավետության անկման, և հանցագործությունների մակարդակի շոշափելի աճի՝ մի բան, որը նախորդ «ռեպրեսիվ» իշխանությունների օրոք վաղուց չէր եղել։ Արտաքին աշխարհը, որը սկզբում զարմանքով և հետաքրքրությամբ էր դիտում նոր հայկական հեղափոխությունը, աստիճանաբար սկսում է զարմանքը փոխարինել քամհարանքով, հեղափոխական իշխանություններին վերաբերվելով որպես «infant terrible» (չարաճճի երեխա), մեր հարաբերություններ պրակտիկորեն բոլոր աշխարհաքաղաքական խաղացողների հետ հետընթաց են ապրել այս ընթացքում, ոմանց հետ՝ խիստ շոշափելի։
Եթե վերը ասվածը կարելի է դեռ դիտարկել որպես հետ-հեղափոխական շրջանի անխուսափելի բարդացումներ, որոնք գուցե ժամանակավոր բնույթ կրեն, ի հայտ են եկել նաև խնդիրներ, որոնց առաջացումը այնքան էլ չի կարելի դիտարկել որպես ժողովրդական հեղափոխության անխուսափելի հետևանք, այլ կապված է «հեղափոխական ավանգարդի» քաղաքական նախասիրությունների հետ։ Թվեմ առավել մտահոգիչ երեքը՝
– Արցախի հարցում նոր իշխանությունը որդեգրել է ընդգծված կրավորական դիրքորոշում և փորձում է մեզ պատրաստել Ադրբեջանի հետ գործարքի։ Եթե նախընտրական շրջանում այն փորձում էր իրեն հատուկ ոճով խուսանավել և թաքցնել սեփական դիրքորոշումը, ապա ընտրություններից հետո երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները (Արցախի իշխանության պառակտման փորձերը, մեր վրա բացահայտ արտաքին ճնշումը, Մամեդյարովի գոհունակ հայտարարությունները, և վերջապես Արարատ Միրզոյանի անթաքույց ֆեյսբուքյան գրառումը) ցույց են տալիս, որ իշխանությունը հող է նախապատրաստում «խաղաղության» համար, իսկ իրականում, դրա տակ թաքնվում է Արցախի հինգ շրջանների անվերադարձ հանձնումը՝ անհասկանալի միջանկյալ կարգավիճակի դիմաց։
– Անցած ընտրությունները, թեև ձևով «ժողովրդավարական» էին, իրականում բերել են շատ ավելի վատ ավտորիտար արդյունքի, քան 2017 ապրիլին կայացած ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվել էր բազմակուսակացական և բավական դինամիկ խորհրդարան։ Իշխանությունը, կրկնելով նախկինների «արմատացած ավանդույթները», իր տրամադրության տակ ունեցած ողջ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործեց՝ թույլ չտալու Ազգային ժողովում իրական ընդիմության առաջացումը, և հիմա փորձելու է կառավարել բացարձակ միահեծան մոդելով։ Ազգային ժողովում ձևավորվել է սահմանադրական մեծամասնություն, որը աչքի է ընկնում քաղաքական և կառավարչական փորձի բացակայությամբ, մեկ անձի կամքից բացարձակ կախվածությամբ, և նույնիսկ իր ներսում քաղաքական դիրքորոշումների անհստակությամբ, այն դեպքում, երբ մի քանի հարյուր հազար իրական ընտրող, փաստացիորեն, այսօր զրկվել են «նոր Հայաստանում» իրենց քաղաքական ներկայացուցչությունից, դա քաղաքականությունը անխուսափելիորեն նորից տեղափոխելու է փողոց։
– Անցած ամիսների ընթացքում մեր հասարակության մեջ կտրուկ գլուխ բարձրացրեցին ավանդական արժեքների դեմ մարտնչող, ագրեսիվ գլոբալիստական խմբերը, որոնք օգտվելով հեղափոխության բերած «ազատություններից», և «հեղափոխական ավանգարդի» աջակցությունից, անթաքույց պայքար սկսեցին բանակի, եկեղեցու, ավանդական հայ ընտանիքի, իսկ վերջերս էլ՝ մշակույթի և սփյուռքի հայրենասիրական շրջանակների դեմ։ Բախվելով կոշտ դիմադրության, այս ալիքը գնում է հիմա մարման, սակայն այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հեղափոխության թիկունքում գործում են ուժեր, որոնց նպատակը բնավ էլ մեր բարեկեցությունը կամ զարգացումը չէ, այլ սեփական գլոբալիստական դոկտրինների տեղայնացումը առանձին վերցված երկրում, և այդ երկրի ինքնության հենասյուների խարխլումը։
Ես կուզենայի այստեղ կանգ առնել, և նշել, որ այս ամենը արդեն հիմա սկսում է առաջացնել աճող դժգոհություն, և հասարակության տարբեր շերտեր, տարբեր արագությամբ, սկսում են արթնանալ հետհեղափոխական հիպնոսից, և առերեսվել իրականության հետ։ Հաջորդ տարին, այս իմաստով, լինելու է վճռորոշ զարգացումների տարի, որի արդյունքում կամ կվերականգնվի երկրի ներսում ուժերի խարխլված հավասարակշռությունը, և երկրի հետագա ընթացքը կգնա մրցակցային քաղաքական և տնտեսական համակարգի կայացման, և դինամիկ զարգացման ճանապարհով, և կամ էլ, բախվելով անխուսափելիորեն աճող դիմադրության, «հեղափոխական» իշխանությունը կփորձի վերադառնալ քաղաքական մրցակիցներին ճնշելու նախկինում ընդունված գործելավոճին, երկիրը նորից վերադարձնելով պայթունավտանգ փակուղու։ Ես, բնականաբար, լավատես եմ, և ինձնից կախված ամենը կանեմ, որ իրականանա դրական սցենարը, և բոլոր ընկերներիս էլ կոչ եմ անում՝ սեփական ուժերի ներածի չափով՝ մասնակցել երկրի զարգացման և ժողովրդավարացման այս կարևորագույն գործընթացներին։
Այլապես, առջևում Ամանոր է, և բոլորս ցանկանում ենք թոթափել այս ծանր և լարված տարվա բեռը, և նոր տարի մտնել թարմ ուժերով։ Բոլորիդ ցանկանում եմ հեքիաթային Ամանոր, և խաղաղ ու բարեբեր նոր տարի՝ ամենայն երջանկությամբ լի»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը