Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԼՐԱՑՈՒՄ՝ երեկվա ՉԳԻՏԵՄ գրառման
․․․Արդյոք ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար տարեմուտյան ընդունելություն կազմակերպելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանը հրավիրեր տարեվերջյան մեծ մամլո ասուլիս, հրավիրելով բոլոր լրատվամիջոցներին։ Նախ նա կամփոփեր անցնող տարին և ամենակարևորը՝ լրագրողները հնարավորություն կունենային վարչապետի պաշտոնակատարին ուղղելու հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր․ 1.Արցախի հարցում հստակություն: Ընթանու՞մ են արդյոք բանակցություններ Արցախի հարցի կարգավորման շուրջ։ Եթե այո, ապա արդյո՞ք, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արտահայտում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, այն է միայն Արցախի ժողովրդի անվտանգության կարևորությունը։ Արդյոք հիմքեր ունի՞ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը, որ հուսով են շուտով բանակցությունների արդյունքում կհասնեն համաձայնության Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության հարցում։ Եվ վերջապես , արդյոք համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանն իր կուսակից, նաև կուսակցության երկրորդ դեմք Արարատ Միրզոյանի արտահայտած տեսակետին, որն է ըստ էության Արցախի հարցը միայն արցախցիներին է վերաբերում։ Ի՞նչն էր Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկության պատճառը։ 2. Հստակություն կառավարության նոր կառուցվածքի հարցում, նախարարությունների լուծարումներ, կրճատումներ, միացումներ։ Ինչո՞ւ չեն կազմավորվում Ներքին գործերի և Ազգային Անվտանգության նախարարություններ։ 3. Գազի սակագին:4.ՀԱՊԿ։ 5….6….7…. և այլն, և այլն․․․
Հ․Գ․ Եվ վերջապես պաշտոնապես հերքվեր ԶԼՄ-ներում տարածված բամբասանքը, թե իբր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը 200 000$-անոց զրահապատ ավտոմեքենա է նվեր ստացել»․․․
Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահագին լռեց Նիկոլը, լայվ չէր անում, ստատուս չէր գրում: Մեկ էլ հայտնվեց ու իրար վրա երկու ստատուսով տեղեկացրեց, որ սպանությունների նվազագույն քանակով ռեկորդ է սահմանվել տարեկան կտրվածքով: Ու հեչ էլ չի մտածել, որ նախ տարին դեռ փակ չի, իսկ ԱՎԾ-ի տվյալները հոկտեմբերով են, որից հետո սպանություններ են եղել: Իրեն շտապ միջամտել էր պետք: Արդեն առանց ԱՎԾ-ի էլ մարդկանց համար ակներև է հանցավորության աճը, դրան զուգահեռ տասնյակներով աճում են զոհերն ու հազարներով վիրավորները: Էս պահին իր քաղաքական դիվիդենտների համար տարվող քաղաքականության արդյունքում Նիկոլի վրա արդեն ավելի շատ դիակ կա, քան իր նախորդ բոլոր ղեկավարների իրար հետ վերցրած:
Տարածված կարծիք կա, որ Նիկոլը արյունից վախում է և, ըստ այդմ, փորձում է շեշտել սպանությունների նվազումը: Սա իհարկե թյուրըմբռնում է: Նա արյունից չի վախում: Վախենար ռեցեդեվիստ հանցագործներին բանտերից չէր ազատի: Չէ՛, նա դրանից չի վախում, նա վախում է, որ չի մարսելու էս ամենը: Իրեն սկզբից թվում էր, որ կմարսի, իսկ հիմա նա սկսում է հասկանալ, որ երկիր կառավարելն ամեն մի մուտիլովշիկի գործ չի: Ու ճիշտ է թվում նրան: Եթե իր խոստումների գոնե տաս տոկոսն ի կատար ածեր, արյունն էլ կմարսեր, հող հանձնելն էլ, վենդետան էլ: Տո մի 7 տարեկան երեխա կարար ուտեր ու մարսեր... Փոխարենը փաստացի բոլոր ոլորտներում մղձավանջային վիճակ է ու գնալով խորանում է: Իսկ սա իրեն հուշում է, որ վենդետան մի օր ձեռքդ է, մի օր էլ լրիվ այլ տեղ...
Սենց որ գնա գազի գնի բարձրացման դեմ նա պայքարելու է՝ ասֆալտին փռելով: Այնպես, ինչպես փռում է գեներալիտետին, ովքեր պնդում են, որ երկրի դիմադրողականությունը փուռն է գնում: Փռելու է գազավիկներին, իսկ էս պահին դրանց մեջի համար մեկը Ծառուկյանն է: Մի տաս միլիոն դոլարի ակտ է գրելու վրեն, ու կարող ա նույնիսկ ստանա էդ փողը: Բայց լոլիկը մեկա է տան գին է դառնալու, որտև թանկ գազով ջերմոցը չի կարա աշխատի, ինչքան ուզում ես, ուր ուզում ես ջերմոցի տերոջը փռի:
Ծառուկյանից հետո էլ ավելի մերձավոր օլիգարխներին (որոնք դե էլ օլիգարխ չեն) է փռելու: Հետո սփյուռքից ժուլիկ օլիգարխներ են գալու, էն որ 90-ականներին մի քանի տասնյակ հազար դոլարով «Արմենիա» հյուրանոց էին սեփականաշնորհում ու Արցախի հարցը փորձում խուրդել անգլիացիքի վրա... այ էդ դրանք են գալու, առաջին տիկնոջը մի երկու կոպեկ փող տան, սարեր խոստանան, փոխարենը եղածն էլ քամեն ու թռնեն... Դրանք կթռնեն իսկ Ծառուկյանն ու իր որդիները չեն թռնի, չի թռնի նաև Քոչարյանն ու իր որդիները, դե Խաչատուրովի ու այլոց որդիների մասին չասեմ... իսկ այս պարոնայք արյունից չեն վախում՝ առնվազն Նիկոլի չափ:
Նա արյունից չի վախում, նա իր և իր ընտանիքի համար է վախում: Ինչքան էլ Սերժին վատաբանել են, էս ժողովուրդը Սերժի արյունը չի ուզում, Քոչարյանինն էլ, Մանվելինն էլ... իրենց երբեք առանձնապես չեն սիրել, որ տենց ատեն: Բայց էս մեկի արյունը ուզելու են: Էս մեկին սիրել են, իսկ նա «դավաճանել» է: Խաբել, ասել է, որ կպսակվի ու «թռել» է: Թռել է, օրինակ, Մոսկվա, հետ է եկել ու, լայվ մտնելով, 15 րոպե ասել է ոչ մի բան: Սրան ատելու են այնպես, ինչպես բոլորի երբեմնի աչքի լույս Տեր-Պետրոսյանին էին ատում 97-ին:
Հ.Գ. արդեն նշել էի, որ բոլոր տեսակի հանցագործություններից նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը, քանի որ էդ ոլորտը այլևս բարձրագույն իշխանական «կռիշի» տակ է: Թե չեք հավատում, եկեք միասին պահանջենք, որ ՔՊ-ի ցուցակը նառկոյի թեստ հանձնի: Նորմալ, անկախ փորձագետների մոտ: Ու տեսեք ինչ ա կատարվում: Ասեմ ավելին, արդարության համար ես էլ կհանձնեմ: Ձեռի հետ էլ լավ կլինի Նիկոլին մի հոգեբուժ զննի...
Հ.Հ.Գ. Հունվարի մեկից գազի համար վճարելու ենք էնքան, ինչքան մեզ ասեն... բառացիորեն: Մեզ ինչքան կասեն, էդքան էլ կվճարենք, քանի որ գինը բանակցված չի: Իսկ գինը բանակցված չի, քանի որ հայ ժողովուրդը իր ծոցից ընտրել է իր հավաքական կերպարին ու սահմանել ժողովրդավարություն»:
Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի լիրիկաները և իրականությունը
Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը... Հայաստանյան հասարակության համար այս այցը կարևոր էր երկու պատճառով՝ գազի գնի թանկացման շուրջ խոսակցությունների փարատումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցող գործընթացները... Սակայն ՀՀ վարչապետն իր մոսկովյան այցի վերաբերյալ facebook-ի իր էջում տեղադրված "отчет"-ում, այդ երկու կարևորագույն հարցերին տրամադրեց մի քանի վայրկյան... Մնացած ամեն ինչը, ինչպես կասեր բարեկամներիցս մեկը՝ լիրիկա է՝ ցանկությունների, կենացների և լավատեսության ոլորտներից, որը շատ քիչ կապ ունի իրականության հետ... Նախ, Փաշինյանի այն խոսքերը, որ նա ամենահաճախ Մոսկվա այցելող օտարերկրյա լիդերներից է, ոչ թե խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները շատ "առանձնահատուկ և ռազմավարական" են, այլ այն մասին, որ այս 8 ամիսների ընթացքում Երևանի և Մոսկվայի միջև շատ խնդիրներ են առաջացել, որոնց լուծման համար էլ պարոն Փաշինյանն այդքան հաճախ այցելում է Ռուսաստան կամ հանդիպում Պուտինի հետ... Հայ-ռուսական հարաբերությունների "անհավասար" լինելու մասին է վկայում այն, որ այս ամիսների ընթացքում Պուտինը չի ժամանել Երևան, այլ Հայաստանի առաջանորդն է մշտապես մեկնում ՌԴ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարցերը կարգավորելու համար...Ի դեպ, այս "անհավասար" հարաբերությունները Փաշինյանը ժառանգել է նախորդ իշխանություններից, որոնց մասին բարձրաձայնում էր ԱԺ ամբիոնից բազմիցս, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, սակայն իշխանության գալուց հետո նրան չի հաջողվել մինչև հիմա դրանք "հավասարեցնել"... Իսկ հիմա կարևորի մասին, որի վերաբերյալ Փաշինյանը գրեթե լռեց... ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված ոչ հայանպաստ իրավիճակը և դրա ոչ հայանպաստ հանգուցալուծումը մեծ հարված կհասցնի պաշտոնական Երևանի միջազգային վարկանիշին...Սին են այն խոսակցությունները, երբ իշխանությունները տարբեր մակարդակով փորձում են հասարակությանը համոզել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար տասներորդական հարց է... Եթե այդպես էր, ապա ինչու՞ էր նույն Փաշինյանը Խաչատուրովին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու գործընթացը սկսելուց հետո հայտարարում, որ նրան պետք է ԱՆՊԱՅՄԱՆ փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը... Նույնիսկ անուն էին տալիս, թե Երևանն ում է տեսնում Խաչատուրովի փոխարեն այդ պաշտոնում... Սակայն, երբ հենց Պուտինը ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ձեռքերով պատժում է Երևանին իր անհեռատես և զգացմունքային քաղաքականության պատճառով և գրեթե պարզ է, որ Հայաստանին չի հաջողվի պահպանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն իր ձեռքերում, պարզվում է դա մեզ այնքան էլ հետաքրքիր չէր... Ո՛չ, հարգելիներս... Դա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը տարրական խայտառակություն կլինի Երևանի համար... Մեզ արդեն չեն հարգի նույն ՀԱՊԿ անդամ երկրներում... Պաշտոնական Երևանն այս փուլում վերջնականապես կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ամեն ինչ պետք է անի, որ գոնե այդ պաշտոնում մեկ տարի ղեկավարի ՌԴ ներկայացուցիչը և խաղն ավարտվի "ոչ ոքի"... Պուտինի համար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի անձը հազարերորդական էր... Նրան կատաղեցրեց այն, որ Խաչատուրովի հետ կանչի հարցը չէր քննարկվել իր և ՀԱՊԿ անդամ այլ երկրների ղեկավարների հետ... ՌԴ առաջնորդը շատ ծանր տարավ Փաշինյանի այդ քայլը, որը շատերի կողմից Մոսկվայում մեկնաբանվեց որպես Հայաստանի "թավշյա" իշխանությունների կողմից "Պուտինյան ՆԱՏՕ-ն"՝ ՀԱՊԿ-ն խայտառակելու քայլ... Այո՛, ՀՀ իշխանությունները պետք է Խաչատուրովի վերաբերյալ քննարկումներ անցկացնեին ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ և այդ հարցը լուծեին առանց մեծ աղմուկի… Ես ինքս չեմ պատկերացնում, որ, օրինակ, եթե Նորվեգիան փորձի հետ կանչել Ստոլտենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա դրա վերաբերյալ քննարկումներ չանի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ... Հասարակությանը հուզող ամենակարևոր հարցի՝ գազի գնի վերաբերյալ Փաշինյանը ոչինչ չասաց, որն ավելի վտանգավոր է... Հայաստանը 2019 թ-ն է մտնում առանց գազի գնի կոնկրետացման... Սա այնքանով է վտանգավոր, որ հետագայում, եթե նոր պայմանագիր կնքվի նոր սակագնով, մեզ ոչ ոք չի երաշխավորելու, որ այն չի մտնի ուժի մեջ հետին թվով և Հայաստանի վզին չեն փաթաթվելու նոր պարտքեր... Հիշեցնեմ, որ չգիտես որտեղից գոյացած պարտքերի պատճառով էլ ժամանակին Երևանը կորցրեց վերահսկողությունը մեր գազի շուկայի նկատմամբ... Որքան կռահում եմ, նախորդ իշխանությունների սխալներն այս իշխանությունները կրկնում են... Հայաստանի համար գազի գնի անորոշ վիճակը շատ վտանգավոր է... Գազը Մոսկվայի գլխավոր մահակներից մեկն է միջազգային հարաբերություններում, իսկ "Գազպրոմը" ՌԴ ԱԳՆ-ի գլխավոր ստորաբաժանումներից մեկն է... Գազային "ճնշմամբ" պաշտոնական Մոսկվան նաև հասկացնում է Փաշինյանին, որ վերջինս հեռու մնա Կարեն Կարապետյանից և ազգությամբ հայ ռուսաստանյան օլիգարխներից, որոնք մեծ բիզնեսներ ունեն Հայաստանում... Ի դեպ,շատերն ուրախ հայտարարում են,որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ... Պուտինի խոսքում ես չտեսա շնորհավորանքի խոսքեր ուղղված Փաշինյանի... Նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի համոզիչ հաղթանակն արձանագրեց և բարեմաղթանքներ ուղղեց Փաշինյանին... Ռուսերեն "поздравляю" բառը նա չարտասանեց... Հ.Գ. Քիչ առաջ պաշտոնական Մոսկվան արձագանքեց երեկ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպմանը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն»...
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում մարդիկ դարձել են ագրեսիվ, անհանդուրժող, արդեն դժվար է գտնել այն ժպիտը, բավարարվածությունն ու հանդուրժողականությունը, որն արտացոլված էր մարդկանց դեմքերին գարնան և ամռան ամիսներին:
Փորձում եմ հասկանալ պատճառը, քանի որ կարծես թե ամեն ինչ լավ է, իշխանության են գտնվում իրենց ընտրած մարդիկ, արդեն 8 ամիս ազատ է տնտեսությունը, կարելի է սկսել նորմալ ապրել:
Այլևս չկան այն կերպարները, որոնք տասնամյակներ շարունակ դիտարկվում էին որպես մարդկանց անհաջողությունների, դժվարությունների, աղքատության և քավորության պատճառ և աղբյուր: Ընտրությունները չեն կեղծվել, ոչ ոք չի գողացել իրենց քվեն, մենաշնորհներ այլևս չկան, օլիգարխները վերացել են, կոռուպցիան այլևս հաղթահարված է:
Այդ դեպքում ինչն է այս դժգոհության պատճառը??
Կարող եմ առաջարկել երկու տարբերակ.
1. կամ ՀՀ քաղաքացիները նորից իրենց խաբված են զգում և հոգու խորքում ընդունում դա, սակայն առայժմ չունեն համարձակություն հրապարակավ խոստովանել դա,
կամ էլ
2. սկսել են գիտակցել, որ խնդիրը ոչ այդքան նախկին կոռումպացված իշխանություններն էին, մենաշնորհները, փայ մտնող պաշտոնյաներն ու նրանց ազգակաները, հանցագործ տարրերի գերակտիվությունը, այլ ավելի շատ հենց իրենք, մարդիկ, որոնք բոլոր իրավիճակներում մեղավոր են կարգում բոլորին` երկրին, նախագահին, վարչապետին, թալանչի և ավազակ պատգամավորներին, բայց ոչ երբեք իրենց` մարդկանց, որոնք ուղղակի չեն ցանկանում աշխատել, նստած սպասում են, որ Փաշինյանը հարուստներից ունեցվածքը կվերցնի, օֆշորներից հետ կբերի <իրենցից> թալանված փողերը և կբաժանի իրենց` վերականգնելով <արդարությունը>: Վրա է հասել այն գիտակցումը, որ նույնիսկ ամենաանարդար իրավիճակում առաջինը պետք է քեզ մեղադրես, իսկ հետո` փնտրես մեղավորներ այլուրեք:
Անկեղծ ուզում եմ հավատալ, որ գործում է երկրորդ տարբերակը, քանի որ միայն այդ գիտակցումով մեզ կհաջողվի զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կյանքը, բարձրացնել պետության ներքին և արտաքին անվտանգության մակարդակը, պետության պաշտպանունակությունը:
Աշխատանքով է ձեռք բերվում բարիքը, ձեր աշխատանքով: Ոչ ոք ձեր փոխարեն չի աշխատելու, սոցիալիզմի դարաշրջանն ավարտվել է, բոլշևիզմը կարծանարար կլինի Հայաստանի և ձեր համար:
Մի սպասեք, որ վարչապետն ու կառավարությունը ձեր փոխարեն կլուծեն ձեր խնդիրները, նրանք դա ուղղակի չեն կարող անել` չնայած որ տվել են բազմաթիվ խոստումներ: Սա կոչվում է պոպուլիզմ և դա ունի խիստ վտանգավոր և բացասական հետևանքներ պետության և պետականության համար:
Ավարտվում է 2018թ-ը, երևի թե ամենակերևոր տարին մեր երիտասարդ պետության համար: Ձեզ հաջողվեց կազմակերպվել, դիմադրել և հաղթել: Առաջարկում եմ 2019թ.-ը դիմավորենք ժպիտով և աչքերի փայլով, այն ժպիտով, որ ունեիք մի քանի ամիս առաջ: Ձեր հաղթանակը այլևս փաստ է և ոչ ոք չի կարող, և իրավունք չունի վտանգել կամ մսխել այդ հաղթանակը:
Հիասթափությունն անխուսափելի է, հուսահատությունը` անթույլատրելի:
Ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք» . . .
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը