ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը վերաբերել է երկու երկրների հետագա հարաբերությունների զարգացմանը։
«Հիմնականում այսօրվա խոսակցությունը վերաբերում էր մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությանը։ Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները և կարող եմ արձանագրել, որ այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը, բայց ընդհանուր հաշվով այս քննարկումը մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, ըստ էության՝ ամփոփեցինք այդ ութ ամիսները և քննարկեցինք, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանա երկու երկրների իշխանության մարմինների համագործակցությունը։ Պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը դրական էր»,-ասաց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ ստացվել է այնպես, որ ՌԴ նախագահի հետ իրենց հանդիպումները բավականին հաճախ են տեղի ունենում և դա խոսում է իրենց հարաբերությունների առանձնահատկությունների մասին։
Փաշինյանը նաև նշեց, որ չեն հասցրել օրակարգի բոլոր հարցերը քննարկել, ինչպես միշտ լինում է։ Անդրադառնալով հարցերին՝ Փաշինյանն ասաց, որ այս հանդիպմանն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել. «Այդ հարցի մասին որևէ քննարկում չի եղել, ՀԱՊԿ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում և մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ անհրաժեշտ են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը չի նախատեսում։ Հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որոնք չկանոնադրվածության պատճառով տեղի չունենան։ Ես նախկինում ասել եմ՝ խոսակցություն է գնացել կազմակերպության դաշնակցային էության վերաբերյալ։ Գազի թեմայի հետ կապված որոշում չկա և գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով:
Իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունների համար դա չափազանց զգայուն թեմա է երկու երկրի համար։ Ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված այս թեմայի շուրջ և հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։
Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այսպիսի ամեն հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ․ «կամ ավելի ճիշտ՝ դե ֆակտո գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձեւակերոպում է ստանում, եւ այդ բովանդակության վերաբերյալ մեզ՝ ՌԴ նախագահի հետ հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման»։ Նա հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ սա մի նոր շրջան է, որովհետեւ «քաղաքական այն իրադարձությունները, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացան ամփոփում, քաղաքական իրավիճակն արձանագրվեց, եւ այս արձանագրման վրա մենք պետք է կառուցենք նոր հարաբերություններ»։ Նա նշեց, որ 8 ամիսները բավարար եղան՝ ամփոփելու ՌԴ-ի հետ հարաբերությունների հետհեղափոխական, նախաբանային փուլը եւ մտնելու ավելի բարձր մակարդակի հարաբերությունների կառուցման փուլ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը