27 12 2018

Ադրբեջանը Արցախի նախագահի հետ բանակցելու համար դեմ է տալու ադրբեջանական համայնքի ղեկավարին

Ադրբեջանը Արցախի նախագահի հետ բանակցելու համար դեմ է տալու ադրբեջանական համայնքի ղեկավարին

Դուշանբե, 2019թ․, վերելակից դուրս։ Բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ։ Մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար մամեդյարովը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ադրբեջանական կողմում՝ Բակո Սահակյանի դիմաց, նստած է ևս մեկը․ նա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք ՀԿ նախագահ Թուրալ Գյանջալիևն է։

Ահա այս պատկերը կունենանք, երբ Նիկոլ Փաշինյանը, իր պատկերացրածով, «հաջողի» բանակցություններին ներգրավել նաև Արցախի կողմին։ Ու թեև դեռ էյֆորիկ հոգեվիճակ ունեցող որոշները կասեն, թե մալադեց տղուն, ոչ մի նախագահ չկարողացավ Ղարաբաղը բանակցությունների բերել, իսկ Նիկոլը բերեց, բայց դրանով չեն էլ հասկանա կամ արդեն ժամանակից ուշ կհասկանան, որ այն, ինչ Նիկոլը բերում է Ղարաբաղի գլխին, մեկ բառով կոչվում է ԿՈՐԾԱՆՈՒՄ։

Այսպես․ Ադրբեջանում կա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք ՀԿ, որը զբաղվում է Սովետական Ադրբեջանի ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների շահերի պաշտպանությամբ։ Դեկտեմբերի 20-ին նրանք համագումար են արել և մոտ 10 տարի ղեկավարող 68-ամյա Բայրամ Սաֆարովին փոխարինել դիվանագետ, արտգործնախարարության աշխատակից, նրանից 30 տարով երիտասարդ Թուրալ Գյանջալիևով։

Այդ կազմակերպությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որով պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն վարել արցախցիների հետ։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին իրենց ներդրումը կատարել հակամարտութան կարգավորման գործում և կապ պահպանել շրջանի ադրբեջանական և հայկական համայնքների միջև»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս կազմակերպությունը ստեղծվել էր, որպեսզի իրենց ներկայացուցիչը, որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, մասնակցի բանակցություններին։ Եվ մինչև 1997 թվականը գրեթե բոլոր բանակցություններին, որտեղ մասնակցություն է ունեցել Ղարաբաղի ներկայացուցիչը, Ադրբեջանը փորձ է արել մասնակից դարձնել է նաև Ադրբեջանի ներկայացուցչին։

Հիշո՞ւմ եք Փաշինյանի հայտարարությունը․ «Մենք ուզո՞ւմ ենք լուծել Արցախի խնդիրը, թե՞ չենք ուզում»։ Չկա որևե հայ որ չի ուզում, բայց թե ինչպե՞ս, ի՞նչ գնով և որ ամենակարևորն է՝ լուծում ասելով ի՞նչը ի նկատի ուներ մեր ժողովրդական վարչապետը։

Ադրբեջանը դիվանագետի է նշանակել այդ պոստին և բնականաբար՝ պատրաստվում է բանակցությունների՝ ամենայն հավանականությամբ՝ ըստ Փաշինյանի հայտարարածի։

Ուշագրավ է, որ սա տեղի ունեցավ մեկ օր անց այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց․ «Իմ հայ գործընկերոջ հետ Միլանում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք երկար ժամանակահատվածում առաջին անգամ փոխըմբռնման եկանք»։

Ադրբեջանը կտրականապես դեմ է Արցախի նախագահի՝ բանակցություններին մասնակցությանը, բայց դա առավել շատ ձևական է։ Նա փորձում է, ինչպես ասում են, «թանկով ծախել չեմ ու չումը»։ Ըստ ամենայնի, որպես ընդառաջում՝ նա կգնա «զիջման», բայց պայմանով, որ բանակցություններին մասնակցի նաև ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը։

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում այդ ձևաչափը։ Ղարաբաղյան հակամարտության հարցը բերվում է Արցախում կենցաղային հարցերի շուրջ երկու ժողովուրդների վեճի մակարդակի։ Ստացվում է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող շրջանում երկու ժողովուրդներ իրար չեն հասկացել և հիմա պարզաբանում են։ Ինչպես, օրինակ, բազմազգ Ռուսաստանում է երբեմն նման խնդիրներ գրանցվում ռուսների և, ենթադրենք, լիտվացիների միջև։

Այսպիսով աղավաղվում է խնդրի էությունը, բանակցությունների երկարամյա ջանքերը ջուրն են նետվում։ Ազգերի ինքնորոշում ազատ կամարտահայտության միջոցով, անվտանգության երաշխիքներ և այլն․ անցած 25 տարիների բանակցությունների ընթացքում ձեռք բերված, ոչ ամբողջական կամ վերջնական, բայց, այնուամենայնիվ, հետևյալ սկզբունքների ամրագրումները դեն են շպրտվելու և նորից սկսեն որոշել, թե ով ինչի իրավունք ունի՞։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարումից ի վեր փորձում էր Արցախի ղեկավարության և ժողովրդի վրա գցել պատասխանատվության ողջ բեռը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի հետ պետք է բանակցի Ղարաբաղը, ինքը բարոյական իրավունք չունի արցախցիների անունից խոսելու և այլն։ Եվ Փաշինյանն իր քաղաքականությամբ Արցախի գլխի վերևում մեծ սուր է ճոճում, հուսանք՝ անգիտակցաբար, գիտելիքի և փորձի պակասից ընդամենը։

Միանշանակ է, որ կարիքը վաղուցվանից հասունացել է, որպիսզի մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները, չնայած որ ժողովրդի 70 տոկոսանոց մանդատ են ստացել, խորհուրդ հարցնեն և պատմություն կարդան, որպեսզի հենց իրենց միամիտ հայտարարություններից հետո չընկնեն ադրբեջանական վերելակային «թակարդները», չուտեն արագորեն առաջարկած «կտերը»՝ պատերազմի կրակը գցելով ողջ ազգին։

Հունվարին տեղի կունենա Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը․ հուսով ենք՝ իրադարձությունները մեզ համար ոչ բարենպաստ ուղղությունով չեն զարգանա։ Մեզ մնում է միայն հուսալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ