22 12 2018

Ինչու և ինչի դիմաց Նիկոլ Փաշինյանն ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին․ 7or.am

Ինչու և ինչի դիմաց Նիկոլ Փաշինյանն ազատ արձակեց Մանվել Գրիգորյանին․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Փաշինյանը հայտարարեց, որ Գրիգորյանի ազատ արձակումն իր համար անակնկալ է եղել: Թե քանի՞ մարդ կհավատա Փաշինյանի այս խոսքերին, թողնենք կոոպերատիվ Գելափի հետազոտությանը և սոցիալ-հոգեբանության մասնագետներին, քանզի դիդակտիկ նյութի պակաս նրանք չեն ունենա:

Հայտնի գաղտնալսումների հրապարակումից, Փաշինյանի մտածողությունից ու նրա վարքագծից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Փաշինյանի համար ոչ միայն անակնկալ չի եղել Մանվելի ազատ արձակումը, այլ նրան ազատ են արձակել Փաշինյանի ցուցմամբ կամ առնվազն նրան տեղյակ պահելուց հետո:

Հարցն այն է, թե ինչու և ինչի դիմաց է Փաշինյանը ազատ արձակել Գրիգորյանին:

Եթե հիշում եք, նախընտրական փուլում Գրիգորյանի անունից հայտարարություն տարածվեց, որ նա պատրաստ է իր սեփականության մի մասը փոխանցել Էջմիածնին: Բնական է, որ նրա այդ հայտարարոթյանը նախորդել է ոչ հրապարակային գործընթաց: Մարդը չի կարող հենց այնպես վեր կենալ ու նվիրատվություն անել պետությանը, ինչպես որ մենք տեսանք Մաքսայինի առաջվա պետ Արմեն Ավետիսյանի դեպքում, երբ նվիրաբերվեց Ծաղկաձորի հյուրանոցը:

Ու քանի որ այդ ամենը տեղի է ունենում ստվերային դաշտում և ընտրողաբար, ուստի առնվազն կասկածներ են առաջանում, որ օրինակ նույն Մանվել Գրիգորյանի հետ ինչ-ինչ գործարքների են գնացել իշխանությունները: Իսկ թե ո՞րն է այդ գործարքի առարկան, կարելի է ենթադրություններ անել:

Նիկոլ Փաշինյանը սևեռված է մեկ գործի վրա: Դա Ռոբերտ Քոչարյանի գործն է: Վերջերս մի զինվորական՝ Արշակ Կարապետյանը, որին նիկոլենք ժամանակին համարում էին ապրիլյան պատերազմի զոհերի գլխավոր պատճառներից մեկը, այժմ նշանակվել է Փաշինյանի խորհրդական: Քոչարյանի փաստաբանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ Արշակն այն եզակի մարդկանցից է, որը ակնհայտ սուտ ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ:

Փաստաբանն Ալումյանն առնվազն ողջամիտ կասկած հայտնեց, որ տեղի է ունեցել գործարք Արշակ Կարապետյանի ու իշխանությունների միջև՝ «Քոչարյանի դեմ ցուցմունք՝ պաշտոնի դիմաց» տարբերակով: Ու քանի որ նիկոլենց համար այս տարվա «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը, ուստի ապրիլյան պատերազմի զոհերի համար հիմնական մեղավորներից մեկը (ըստ նիկոլենց հայտարարությունների ու գրածների) շատ հանգիստ նշանակվում է Փաշինյանի խորհրդական:

Ի դեպ, շաբաթներ առաջ Մանվելի մասին էլ մի լուր հայտնվեց մամուլում, ըստ որի՝ նրան նիկոլենք գործարք են առաջարկում՝ «Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք՝ ազատության մեջ հայտնվելու դիմաց» տարբերակով: Չենք պնդում, բայց կարող ենք առնվազն կասկածել, որ Մանվելը Արշակի վարքագիծն է դրսևորել: Եթե ոչ, ապա այլ գործարք է կայացել Մանվելի ու իշխանությունների միջև, որը կպարզվի միայն «հերձումից» հետո: Բայց որ նա գործարքի արդյունքում է դուրս եկել, կասկած չկա:

Առվազն տարօրինակ է, որ այս «հակակոռուպցիոն» ու «հակամարտիմեկյան» պայքարի արդյունքում այժմ երկու հոգի են կալանքի տակ՝ Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Մայրապետյանը: Վերջինիս տխրահռչակ «գործարար» Սիլվա Համբարձումյանը բաց տեքստով էր իշխանությունների անունից գործարք առաջարկում՝ «Սուտ ցուցմունք Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ ազատության դիմաց» տարբերակով:

Հայաստանում դատական համակարգը գործադիրի կրնկի տակ է հայտնվել առավել, քան երբևէ, քանզի նախկինում այսպիսի ճնշման կարիք դատական իշխանության նկատմամբ չկար: Հիմա կա: Ու որպեսզի հիմնավորվի, այպես կոչված, անցումային արդարադատությանանհրաժեշտությունը, շրջանառության մեջ է դրվում «Նիկոլի դեմ է դատական «չար» համակարգը» բլեֆը: Այդ նույն բլեֆային տեխնոլոգիաների օգնությանը մի ժամանակ դիմում էր նաև Սերժ Սարգսյանը: Տեսանք, թե վերջում ինչ եղավ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ