19 12 2018

Իշխող դաշինքում որոշեցին՝ ով ինչ պաշտոն կստանա

Իշխող դաշինքում որոշեցին՝ ով ինչ պաշտոն կստանա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները, նախարարի պաշտոնակատարները, ապագա պատգամավորները և պատգամավորի նախկին թեկնածուները քննարկում են ունեցել «Մարիոթ» հյուրանոցում։ Նիստի ընթացքում խմբակցության անդամները ծանոթանացել են միմյանց հետ, քննարկել, թե ով է գնալու խորհրդարան, ով՝ գործադիր մարմին:

Քննարկումից հետո Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արարատ Միրզոյանի, փոխնախագահների պաշտոնում՝ իր և Լենա Նազարյանի թեկնածությունները: 

«Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում, և դա այն պատճառով չէր, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է: Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենաթեթևներից չէր»,- անդրադառնալով ԱԺ նախագահի իր թեկնածությանը՝ նշեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա նաև հավելեց, որ համաձայն չէ, թե ԱԺ-ում ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից:

«Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա, և համաձայն չեմ, որ ընդդիմությունը կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ ես համաձայն չեմ նաև դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են մեծ քննարկումներ ներքին, ապա վստահաբար, այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց նա:

Իշխող դաշինքում որոշել են նաև խմբակցության ապագա ղեկավարի թեկնածուին։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանինը: «Սա քաղաքական որոշում է, քաղաքական թիմի որոշում է, առաջարկն էլ հնչեցվել է որոշումների արդյունքում: Սա բարդ է, բայց պետական համակարգում բոլոր ոլորտներում էլ բարդ է, որևէ հեշտ բան չկա»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե ԱԺ մշտական հանձնաժողովների թիվն ավելացնելու հարցը քննարկվել է, թե ոչ, պատասխանեց. «Հանձնաժողովների թիվն այս պահի դրությամբ 10-ն է: Կարող է ինչ-որ քննարկում լինի, և փոփոխություն լինի, չեմ բացառում»: Սիմոնյանը նաև նշեց, որ քննարկմանը անդրադարձել են միայն ԱԺ պաշտոններում թեկնածություններին, կառավարության վերաբերյալ հարցեր չեն քննարկվել:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ այլևս սփյուռքի նախարար չի լինելու։ «Ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։ Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կա՛մ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենամ է շատ մեծ լծակներ, կա՛մ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է: Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետությանը:

«Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գործադիր մարմնին վերաբերող հարցեր այսօր չեն քննարկվել:

«Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլ»-ը դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը:

Նա չցանկացավ հայտնել, թե որ պաշտոնում է իրեն տեսնում: «Շատ շուտով այդ ամենի մասին կխոսենք»,- նկատեց նա:

Ավինյանն անդրադարձավ հայտնի տեսանյութին, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, ով նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

«Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվությանը տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, հետևաբար, այն ժամանակվա մեկնաբանությունները և այն ժամանակվա մեր տիրապետած տեղեկատվությունը այն է, ինչ որ շրջանառվում էր մամուլում: Ես, անկեղծ ասած, հետագա որևէ մանրամասնից տեղյակ չեմ, բայց վարչապետը հետագա որոշակի տվյալներ ունի այդ դեպքերի հետ կապված»,- նշեց Ավինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ