19 12 2018

Իվետա Տոնոյանը հերքում է

Իվետա Տոնոյանը հերքում է

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հերքելով «Ժամանակ» օրաթերթում տպագրված հրապարակում: Նա, մասնավորապես, գրել է.

««Ժամանակ» թերթն այսօր հերթական անգամ «փայլել» է զառանցանքի անգերազանցելի չափաբաժնով: Նախ, ի պաշտոնե, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, անդրադառնամ «Փարավոն» ժամանցի և հանգստի համալիրին վերաբերող ցնդաբանությանը, թե իբր դրա կառուցման համար անհրաժեշտ շինարարական նյութերն ու կահավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համապատասխան փաստաթղթերի:

  Գագիկ Ծառուկյանի և նրա անգլիացի գործընկերների կողմից 100 միլիոն դոլարից ավելի ներդրումների օրինականությունը հաստատող բոլոր փաստաթղթերին, ցանկության դեպքում, կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ոք և այստեղ գործ ունենք բացառապես դասական ցնդաբանության հետ: 

Ինչ վերաբերում է ինձ աշխատանքից ազատելու մասին զառանցանքին: Սովորաբար նման ցածրորակ, էժանագին և զավեշտալի հրապարակումները չեմ մեկնաբանում, սակայն այս դեպքում բացառություն կանեմ: Ակնհայտ է, որ տվյալ լուրը գրողն ու առավել ևս պատվիրատուն գտնվել են, մեղմ ասած, անհավասարակշիռ վիճակում կամ հոգախանգարմունքի նոպա են ունեցել:  Ես, իհարկե, հասկանում եմ, որ հողաթափիկ ինֆուզորիայի հոգեբանություն ունեցող որոշ սուբյեկտներ, տենչալով իրենց համար խիստ ցանկալին իրականության տեղ հրամցնել, փորձել են նման ստահոդ լուրեր շրջանառել: Ստիպված եմ, սակայն, հիասթափեցնել նրանց: 

Հրապարակումը ծայրից ծայր զավեշտ է: Եթե ոմանք ինչ-որ բան այդպես էլ չեն կարողանում մարսել, ապա խորհուրդ կտամ դիմել բժիշկների օգնությանը, մոտակա դեղատնից գնել մարսողական պրեպարատներ կամ պարզապես սառը ջուր խմել:

Ասում են՝ օգնում է»: 

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ «Փարավոն» հյու­րանոցային համալիրի կառուցման համար անհրաժեշտ բոլոր շինարարական նյութերն ու կա­հավորանքի պարագաները ձեռք են բերվել առանց համա­պատասխան փաստաթղթերի: Ինչպես նաև կար Իվետա Տոնոյանին աշխատանքից ազատելուն վերաբերվող հրապարակում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ