Այն, որ Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում, վկայում է ՀԱՊԿ-ի անգործության մասին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:
Նա նշել է, որ ՌԴ ԱԳ նախարարության նախաձեռնությունն իր համար անակնկալ չէ, որովհետև Հայաստանի գործողությունների պատճառով ՀԱՊԿ-ում ստեղծվեց ճգնաժամ:
«ՀԱՊԿ-ն՝ որպես անվտանգություն ապահովող կառույց, չի աշխատում: ՀԱՊԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բոլորի համաձայնությամբ, բայց Հայաստանը որոշում կայացրեց ինքնուրույն: Արդեն շատ է խոսվել, որ Յուրի Խաչատուրովին առանց հետ կանչելու Հայաստանի նոր իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել, այսինքն՝ առանց մնացածի տեսակետը հաշվի առնելու որոշում կայացրել՝ վտանգելով Կազմակերպության հեղինակությունը»,- նշել է Կոլերովը:
Այնինչ, ըստ վերլուծաբանի, Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի կարիքը, որովհետև կազմակերպության շրջանակում ինքնարժեքով զենք-զինամթերք է ձեռք բերում: Հարցին՝ իսկ ՀԱՊԿ-ն չունի՞ Հայաստանի կարիքը, նա պատասխանել է. «Չունի: Հայաստանը ՀԱՊԿ անդամներից ցամաքային հեռավորություն ունի: Իսկ Հայաստանն ունի ՀԱՊԿ-ի կարիքը, եթե Հայաստանը չունենար ՀԱՊԿ-ի կարիքը, վաղուց դուրս կգար: Բայց ՀԱՊԿ-ն ձեռնտու է Հայաստանին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանում օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը