17 12 2018

Ինչո՞վ են համեմատելի Թրամփն ու Փաշինյանը

Ինչո՞վ են համեմատելի Թրամփն ու Փաշինյանը

«Մեր պետության պատմության ընթացքում «մամուլը» դեռ երբեք այսքան անազնիվ չի եղել, որքան այսօր է: Նյութերը, որոնք պետք է լավը լինեն, վատն են: Նյութերը, որոնք պետք է վատը լինեն, սարսափելի են», - թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Հայաստանում մամուլն այնքան ազատ երբեք չի եղել, որքան այսօր է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնավարումից ի վեր ավելի քան 30 անգամ։

Ինչո՞վ են նման և տարբեր Հայաստանի ու ԱՄՆ ղեկավարները մամուլի վերաբերյալ դիրքորոշումներում։

ԱՄՆ նախագահն անկեղծ է, նա ունի քիչ թե շատ ընդունելի, չսիրած և ատելի լրատվամիջոցներ, որոնց վերաբերյալ վերաբերմունքը չի թաքցնում։ Կարող է դուրս վռնդել ասուլիսի սրահից լրատվամիջոցի ներկայացուցչին, սոցցանցում բացասական ու կոպիտ գրառումներ անել, վիրավորել ամեն հնարավոր առիթի և այլն։ ԱՄՆ նախագահն անգամ չեղարկել է լրատվամիջոցների համար տարեվերջյան մեծ խնջույքը։ Բայց, կրկնում ենք, անկեղծ է իր դիրքորոշումներում։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, անկեղծ չէ։ Բառն ընտրեցինք մեղմ, ճիշտը գրելու համար պետք է նշեինք, որ վարչապետը ստում է, սակայն դա շատ կոպիտ կլիներ ու ճակատային, ուստի չենք գրում։

Նիկոլ Փաշինյանի կառավարման վերջին 4 ամսվա ընթացքում երեք լրատվամիջոց են ներխուժել ուժայինները, որոնցից մեկը՝ ջոկատով, առգրավել են տեխնիկաներ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ մատ է թափ տվել ազատ լրատվամիջոցի վրա, թե այդպես մի արեք, այնպես արեք և այլն։ Այստեղ կարևոր է նշել, որ այդտեսակ վերաբերմունք անկախ Հայաստանում չէինք տեսել 1994թ թվականից ի վեր։ Սա՝ ի միջի այլոց։

Ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է խոսի ոչ թե ազատ, այլ՝ համեմատաբար ազատ մամուլի մասին, այն էլ այն դեպքում, երբ այդ համեմատությունը կատարում է մեր հարևաններից երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Իսկ Ամերիկայի ու Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծամասնությունն իրար շատ նման են այս հարցում․ երկուսն էլ իրենց ղեկավարների հայտարարությունները համարել են իրականությունից հեռու ու կեղծ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ