15 12 2018

Արթուր Բաղդասարյանը հեռանում է

Արթուր Բաղդասարյանը հեռանում է

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՕԵԿ արտահերթ համագումարը, որին մասնակցում էին ՕԵԿ տարածքային կառույցների ղեկավարները՝ հանրապետության բոլոր մարզերից ու մայրաքաղաքից:

ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ կուսակցության նախագահի լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունը:

«Սիրելի ժողովուրդ, հարգելի պատվիրակներ, Ես ցանկանում եմ հայտարարել, որ հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները և իմ հետագա կուսակցական գործունեությունը: ՕԵԿ հիմնադրումից 20 տարի անց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր հայրենակիցներին, ինձ քննադատող ու մերժող, սիրող ու գնահատող մարդկանց, կրկին հայցել բոլորի ներողամտությունը իմ քաղաքական գործունեության ընթացքում ունեցած սխալների ու թերությունների համար, շնորհակալություն հայտնել իմ կատարած աշխատանքը գնահատողներին ու արժևորողներին: Ցանկանում եմ երախտիքի խոսք հղել բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցներին իմ գործունեությունը լուսաբանելու համար, առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ գաղափարակից ընկերներին և թիմակիցներին ու մեր ողջ ժողովրդին: Զբաղվելով հանրային գործունեությամբ կփորձեմ իմ հրապարակային առաջարկություններով նպաստել երկրում կուտակված և օրեցօր բազմացող խնդիրների լուծմանը: Ակտիվ քաղաքականություն կվերադառնամ ժողովրդի ցանկությամբ, երբ զգամ դրա կարիքն ու անհրաժեշտությունը: Աստված պահապան մեր ժողովրդին»,- նշել է Արթուր Բաղդասարյանը:

Համագումարը ՕԵԿ նախագահի պաշտոնում առաջադրեց և միաձայն քվեարկությամբ ընտրեց Հովհաննես Հովհաննիսյանին: ՕԵԿ փոխնախագահներ ընտրվեցին Կարինե Սարգսյանը, Վահե Թորոսյանը և Սիմոն Հակոբյանը:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ