04 11 2022

«Կարճ ասած»․ ՔՊ-ն ապացուցեց՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները կեղծվել են



 

Ուզում եմ անդրադարձ կատարել ՔՊ տխրահռչակ համագումարին։ Չեմ անդրադառնա ստերին, որ հնչեցվել են ելույթներում։ Չեմ անդրադառնա Ղարաբաղի, բանակցությունների մասին Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, չեմ անդրադառնա տնտեսական ստերին, սուտ թվերին։ Անդրադառնալու եմ, սակայան մեկ բանի, որը ցույց է տալիս այդ համագումարի՝ ամեն առումով կեղծ լինելը։ Այդ միջոցառումը շատ բան ցույց տվեց, բայց, իմ կարծիքով, ամենից կարևորը, ցույց տվեց, թե ինչպես էին սվարկայով թևեր իրենց ամրացրել ու պոտենցիալ հրեշից փոխարկվել էին հրեշտակի, հոգով կեղծարարից ժողովրդավարի ու արդարի։

Պատկերացնում ե՞ք, մարդիկ կուսակցության վարչություն են ընտրել՝ ղեկավար մակարդակով՝ վարչապետի, նախարարների, դեպուտատների մակարդակով ու կեղծել են քվեարկության արդյունքները։ Կեղծված ընտրություններով ղեկավար են ընտրել իրենց կուսակցությունում։ Ձայները հաշվարկել են, ու իրենց չուզած մարդկանց դուրս են թողել վարչության կազմից։ Ու կեղծիքներով ՔՊ վարչության անդամ է դարձել Էդմոնի կուսակցությունից դասալիք եղած մի նախկին լրագրող և այսօր փոխվարչապետ աշխատող, իսկ նախկինում հանրությանն անհայտ մեկը։ Հետո ներսում, ով ջոկել է, պահանջել են վերահաշվարկ ու տեսել, որ ՔՊ-ում խաբում են անգամ այն մարդկանց, որոնք խաբում են ժողովրդին։ Ինձ հետաքրքիր է նաև, թե ինչու են հանկարծ վերահաշվարկ պահանջել։ Ըստ էրևույթին, ներսում ծանոթ են ՔՊ-ի էությանը, կազմակերպած ընտրությունների որակին, ի վերջո՝ էս մարդիկ արդեն մի քանի ընտրություն են կազմակերպել, ու հասկացել են, որ հաստատ էնտեղ մի կեղծիք արել են։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը իր թիմին պահում է ստրուկի նման, դժգոհ են։ Հիմա ես, օրինակ, այսքնաից հետո լիքը կասկածներ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այդքան ձայն է տարել, հնարավոր է՝ չի ընտրվել, դա էլ են կեղծվել։

Բայց գիտե՞ք հարցը որն է, որ այս կեղծարարներին մենք, իրականում՝ մեր ժողովրդի միամիտ մասը, վստահել է մեր երկիրը, մեր ապագան, իրենք մեր երկրում կազմակերպում են ԱԺ ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, դատախազի ընտրություն, դատավորի ընտրություն, նույն այդ կեղծարար թիմը։ Մի քանի օր առաջ ԿԸՀ նախագահ են ընտրում, հետո պարզվում է՝ Հովակիմյան Վահագը ևս ընտրվել է կեղծիքներով, ինքը իրեն ձայն է տվել, որի իրավունքը չուներ։  

Եթե փոքր թիմ է, փոքր կուսակցություն, ընդամենը 7 տարվա պատմություն ունեցող, 1000 հոգի ընտրություն են կատարում ընդամենը 48 հոգու միջև ու կեղծում են, բա դուք ԱԺ ընտրություննե՞րը ոնց եք կազմակերպում։ Ամենկարևոր հարցը այստեղ հետևյալն է՝ էս մարդիկ, որ իրենց թիմի ներսում երկու հոգու հանելու, մույս երկուսին մտցնելու համար գնում են կեղծիքների, բա իշխանություն պահելու համա՞ր ինչ կանեն, պատկերացնու՞մ եք։ Ինձ անկեղծորեն 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններից մինչև էսօր ամեն օր հետաքրքրում էր, թե ոնց կարող է լինել, որ Նիկոլ Փաշինյանը Երևանից ավտոբուսներով մարդիկ էր տանում ամեն տեղ հանրահավաքների, փոքր հավաքներ ամենուր, գրեթե բոլոր տեղերում, հետևից գոռում էին դավաճան, վարչական ռեսուրսով մարդկանց ահաբեկում էին, չեզոքացնում էին, կալանավորում էին ու վերջում էդ 20 տոկոսանոց վարկանշով ՔՊ-ն ստանում է 50 տոկոսից ավելի ձա՞յն։ Լավ ասում էինք, մի՞թե էս պատերազմից, կապիտուլյացիայից հետո մեր ժողովուրդը դեռ էս խելքին է։ ՔՊ ընտրությունների արդյունքները եկան ասելու, որ եթե 1000 հոգանոց ընտրություն է կեղծվում, բա 2,5 մլն ընտրող ունեցող քվեարկության արդյո՞ւնքը ինչ կարող է լինել։ Ու սրանք, դեռ մինչ հիմա, նույնիսկ հենց այդ համագումարի ընթացքում, որը րոպեներ հետո կազմակերպված պետք է կեղծվեր, այդ ընթացքում խոսում էին ժողովրդավարության աննախադեպ մակարդակից, ընտրությունների որակից, կեղծիքների փակված էջից։ Երեսպաշտության գագաթնակետն էր։

Հլը նայեք Փաշինյանի ելույթն այդ օրը։ Ուղիղ եթերով ասում է, թե ընտրակեղծիքների էջը հավերժ փակված է, ՔՊ-ն կարողացավ այդ արատավոր երևույթն արմատախիլ անել, Հայաստանը ժողովրդավարության մասով աշխարհի առաջատար և այլն ու կես ժամ հետո իր կազմակերպած ընտրությունը կեղծում են։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե որն է պատճառը, որ ՔՊ-ն կազմակերպում է մի հեռավոր քաղաքում քաղաքապետի ընտրություն, պարտվում է ու կալանավորում են հաղթողին։ Որովհետև հաշվարկը էնպես է եղել, որ պետք է չընտրվեր, բայց անգամ դա են ջախջախիչ պարտվում, փաստորեն։

Դուրս է գալիս, որ էս մարդիկ միշտ բողոքել ընտրություններից, ասել, թե կեղծվել են․ որովհետև իրենք չեն ընտրվել, էդքան բան։ Փորացավը չի եղել արդար ընտրությունը, փորացավները, որ իրենք լինեն ու եթե պետք լինի, իհարկե կեղծեն, որ էլի իրենք լինեն։ Իրենք դժգոհ էին ոչ թե կոռուպցիայից, այլ նրանից, որ իրենք չէին կարողանում կոռուպցիա անել։ Հիմա մեր երկրում կոռուպցիան ուղղակի գագաթնակետին է հասել, բա ինչի՞ չեն բողոքում, ավելին, ասում են դա էլ է արմատախիլ եղել։

Էս մարդիկ կեղծում են ինչ հնարավոր է․ կեղծեցին հերոսի պապիկին, կեղծեցին ընտրությունները, կեղծեցին բանակցությունները, կեղծեցին տնտեսական ցուցանիշները, կեղծեցին պատերազմը։ Ամեն օր ստանում ենք ահազանգեր, որ պետական այսինչ կառույցում վարչության պետի, առաջատար մասնագետի ընտրություները կեղծվել են, դպրոցի տնօրենի ընտրությունները կեղծվել են, ընդունելության քննությունը կեղծվել է, ուսուցչի ատեստացիան կեղծվել է։ Այդ ամենի պատասխանը դուք ստացածք ՔՊ կեղծված համագումարում։ Ի դեպ, այդ համագումարում պարզ դարձավ, որ առնվազն մեր երկրի ԱԺ նախագահը, փոխվարչապետը, նախարարերը մարդիկ են, որ անգամ կուսակցության ներսում հեղինակություն չունեն։ Դա էլ էդպես։

ՔՊ-ական դեպուտատն ասում է՝ դե նենց չէ, թե Փաշինյանի շուրջ հավաքվածները սուրբ են։ Իհարկե՝ սուրբ չեն, ու ոչ միայն սուրբ չեն, ավելին, հանրությանը արատավորողները հենց իրենք են՝ սուտ լուրերով, սուտ խոստումներով, կեղծ քարոզչությամբ։ Մեր երկրում օդը ե՞րբ թունավորվեց ու ովքե՞ր թունավորեցին։ Անուններ տալու կարիքը չկա։

Կարճ ասած՝ այս ամենը գալիս է ապացուցելու, որ սրանք ամեն ինչ անելու են, ամեն մեթոդի դիմելու են իշխանության մնալու համար։ Իսկ ի՞նչ անի այդ դեպքում ժողովուրդը, կհարցնեք։

Վաղը՝ նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրված։ Այս հանրահավաքը էլ ավելի մեծ կարևորություն է ստանում, որովհետև մենք գործ ունենք կեղծիքների վարպետ իշխանության հետ։ Այս հանրահավաքի պատճառն այն է, որ այդ կեղծիքների մեխանիզմի պատճառով մենք կորցնում ենք մեր երկրորդ պետությունը՝ Արցախը։ Այդ կեղծիքների պատճառով Հայաստանի մի մասը կորցնելու վտանգի առաջ ենք։ Մենք այն ժամանակ կարող ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը վերանվաճել, երբ այս կեղծիքներին վերջ տրվի։ Այ դրա համար պետք է վաղը լինել Ֆրանսիայի հրապարակում։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ