14 12 2018

Ես մնում եմ քաղաքականության մեջ. Շարմազանով



Ընդամենը մի քանի օրից 6-րդ գումարման Ազգային ժողովը դե յուրե կդադարեցնի իր լիազորությունները և էստաֆետը կհանձնի 7-րդ գումարման Ազգային ժողովին. որպես ԱԺ նախագահի տեղակալ վերջին անգամ եմ դիմում ձեզ այս աշխատանսենյակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա մասնավորապես ասել է. «Ուզում եմ ասել, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը, իսկ վերջին 7 տարիներին նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը ինձ համար չի եղել լոկ իրավունք: Այն նախևառաջ եղել է պատասխանատվություն, իսկ եթե կուզեք՝ առաքելություն:

Ուզում եմ իմանաք, որ մեծագույն երջանկություն է եղել ծառայել Հայաստանին ու Արցախին: Մեծագույն երջանկություն է  եղել ամեն ժամ պայքարել արցախահայության իրավունքների, Հայաստանի շահերի պաշտպանության և Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Կրկնակի ոգևորությամբ եմ աշխատել և այդ աշխատանքն ու պայքարը տվել է իր արդյունքը: Իսկ եթե անկեղծ ասենք, արդյունք իրոք դրական է եղել:

Տոկիոյից մինչև Մոսկվա, Աթենքից մինչև Բուենոս Այրես, չի եղել մի հարթակ, որտեղ չբարձրաձայնեմ արցախահայության իրավունքների, Արցախի անկախության ճանաչման, ընդդեմ թուրքական ժխտողականության եւ Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:

Մեծ հպարտությամբ պետք է նշեմ, որ թե որպես ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, թե որպես ԱՊՀ ԽՎ-ում ընդգրկված պատգամավոր, ամեն ինչ արել եմ, որ այդ հարթակներում թե Հայաստանի, թե Արցախի շահը պատշաճ ձևով պաշտպանվի: Չի եղել որեւէ գործուղում, որտեղ ես չխոսեմ մեր համահայկական խնդիրներից:

Գերմանիայում, Չեխիայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցել եմ իմ համեստ ներդրումը: Իսկ Կիպրոսը, որը ճանաչեց միաձայն օրենք ընդդեմ թուրքական ժխտողականության: Անհամեստորեն պետք է ասեմ, որ դա նախեւառաջ իմ նախաձեռնությունն է եղել: Ես շնորհակալ եմ իմ կիպրացի և հայ բոլոր գործընկերներին, որոնք հետագայում նպաստեցին դրան:

Ես խորհրդարանի ներսում լինելով քաղաքական ուժի նվիրյալ ներկայացուցիչ, այնուամենայնիվ, առաջնորդվել եմ «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով, երբեք չեմ դարձել կուսակցամոլ: Փորձել եմ սուր կետերը հղկել, անել ամեն ինչ, որ քաղաքական բանավեճը չվերածվի անձնական ատելության: Այսօր էլ գտնում եմ, որ Հայաստանի ապագան ազգային, ժողովրդավարական, քրիստորենական արժեքների վրա կանգնած քաղաքական գործիչները պետք է լինեն:

Ես մնում եմ քաղաքականության մեջ, մնում եմ ՀՀԿ-ում և շարունակելու եմ իմ պայքարը, որը «հանուն» է, ոչ թե «ընդդեմ»:

Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և հայրենիք: Կհանդիպենք արդեն արտախորհրդարանական պայքարի խաչմերուկներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ