2012թ.–ի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից ինձ առաջարկում էին հանդիպել իրենց առաջնորդի հետ, այդ թվում ԲՀԿ–ից, սակայն, ես մերժել եմ ու որևէ ուժի հետ հանդիպում չեմ ունեցել։ Այս մասին դեկտեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։
«2012թ. տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին, ասում՝ արի գնանք, մեր առաջնորդի հետ հանդիպի, որ քո համար լավ լինի, մի ուժն էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, որ էն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն էլ Վիկտոր Դալլաքյանն էր։ Գևորգը սպորտսմեն է, միասին ենք ծառայել, նա մի քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ և ընտրություններից առաջ, և հետո, սակայն, ես մերժել եմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորի թեկնծուի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել է ընտրություններից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված միջոցառման ժամանակ։ Մարուքյանի խոսքով, իրենց ծանոթացրել է Խաչիկ Գալստյանը. «Ծառուկյանն ինձ ասաց՝ տեսար ոնց Վիկտոր Դալլաքյանը խայտառակ եղավ, որովհետև իշխանության մեջ մտավ, ես էլ ասացի՝ ես ունեմ կորցնելու մի բան՝ դա մի անունն է, և ես չեմ կարող իմ անունը դնել կասկածի տակ։ Ես մնացի անկախ պատգամավոր, ոչ մի ուժ չմտա։ Իսկ ով որ իմ հովանավորներին գիտի, թող ասի, մենք բաց, թափանցիկ գործել ենք, մեր հովանավորը ՀՀ քաղաքացին է»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին քաղաքական մեծ բանավեճի ժամանակ Ծառուկյանը հետաքրքրվեց, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել, ով մակնաբանեց, որ ինքը կլասիկ պատգամավոր է: Ծառուկյանն էլ արձագանքեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ... Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գևորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։ Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը