02 12 2018

Արդյո՞ք եղել է հեղափոխություն

Արդյո՞ք եղել է հեղափոխություն

Այս նախընտրական հրմշտոցի ֆոնին կարիք կա ևս մեկ անգամ անդրադառնալու այն հարցադրմանը, թե արդյոք եղել է հեղափոխություն, թե այնուամենայնիվ արտահերթ իշխանափոխություն է եղել․ գրել է ֆեյբուքյան իր էջում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հեղափոխությունը դիտարկելով՝ որպես արժեքների բեկումնային փոփոխություն, ինչը, ըստ նրա, նախընտրական անբովանդակ վեճերից դատելով՝ Հայաստանում տեղի չի ունեցել։

«Մեզ հայտնի բոլոր հեղափոխությունների ժամանակ դրանց մասնակիցները չեն էլ գիտակցել, որ հեղափոխություն են անում: Այդ գնահատականը հետո է տրվել, երբ հասկացել են, որ խորքային փոփոխություններ են կատարվել հասարակությունների կյանքում:

Երբ ֆրանսիական հեղափոխության 200-ամյակի տոնակատարության ժամանակ Չինաստանի ղեկավարներից մեկին խնդրել են կարծիք հայտնել, ասել է, որ վաղ է դրա համար, դեռ քիչ ժամանակ է անցել: Դա չինական մտածողություն է, իսկ Ֆրանսիայում վաղուց են հասկացել, որ եղել է հեղափոխություն. քաղաքացու իրավունքների հռչակագիրը փոխել է աշխարհը: Ֆրանսիացիներն որոշել էին, որ իրենք են իրենց ճակատագիրը կերտելու, այլ ոչ թե թագավորն ու ազնվականները ծագման իրավունքով: Դա հասկացել է նաև ողջ առաջավոր մարդկությունը և ֆրանսիական հեղափոխությունը կոչել է Մեծ Հեղափոխություն:

Ռուսական հեղափոխությունն էլ է Մեծ եղել: Ճիշտ է, սովետական պոստմոդեռնիստակաn էքսպերիմենտը վերջում ձախողվել է, սակայն առաջավոր երկրները դրանից դասեր են քաղել ու դեմքով շրջվել են դեպի ժողովուրդը: "Սոցիալական պետություն" հասկացողությունը դրա պատճառով է առաջացել:

Այսինքն ցանկացած իշխանափոխություն, որը զանգվսծների միջամտության արդյունքում է տեղի ունենում, իր արդյունքներով է կարող գնահատվել որպես հեղափոխություն, կամ էլ որպես իշխանափոխություն:

Հայաստանը փոքր երկիր է, մենք 21-րդ դարում ենք ապրում, բայց մենք էլ ենք կարող ունենալ հեղափոխություն, որը կշրջի մեր կյանքը, այսինքն` գիտակցված մի բեկումնային փոփոխություն կլինի, որն իր արդյունքներով, ազդեցությամբ ու հետևանքներով կգնահատվի որպես հեղափոխություն:

Այս նախընտրական ելույթներն ու վեճերի բովանդակությունը, կամ բովանդակության բացակայությունը ցույց են տալիս, որ գիտակցված ոչ մի փոփոխություն էլ չի եղել և այն, ինչ եղել է, հեղափոխություն չէր»,- ասված է նրա գրառման մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ