Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր, հայտնում է Minval.az-ը: Ավիառումբեր վաճառելու մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերությունից:
«Մենք պատրաստվում ենք Ադրբեջան տարբեր նշանակության ավիառումբերի արտահանմանը, արդեն անցկացրել ենք Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ավիառումբերի ու դրանց նավիգացիոն բաղադրիչների շնորհանդեսը»,- ասել է GIDS-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռումբերն ունակ են բարձր ճշգրտությամբ ոչնչացնել հակառակորդի երկաթբետոնե ծածկերն ու ամրությունները, ինչպես նաև կարող են նետվել ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ խորհրդային/ռուսական ինքնաթիռներից:
«Պատրաստ ենք Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարության հետ համագործակցության ավիառումբերի արտադրության հարցով: Այդ հարցով արդեն հանդիպումներ են անցկացվել ադրբեջանական կողմի հետ»,- ասել է GIDS-ի ներկայացուցիչը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը