Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ ղարաբաղցի-հայաստանցի թեման Նիկոլի թեթև ձեռքով նորից դարձավ արդիական, մի քանի պատմական փաստեր հիշեցնեմ բոլոր նրանց համար, ովքեր պատմության հետ դուք-ով են շփվում հազվադեպ հանդիպումների ժամանակ:
Երբ Շահ Աբասը դատարկեց Արարատյան դաշտավայրը, ներկայիս Հայաստանում համարյա բնակչություն չէր մնացել, եղածներն էլ հիմնականում թյուրքեր, պարսիկներ ու քրդեր էին, իսկ հայերի մի զգալի մասն էլ իսլամ էր ընդունել, այսինքն՝ դարձել էին թուրք:
Հայեր մնացել էին Արցախում և այսօրվա Ադրբեջանում` հիմնականում հյուսիսում և արևելքում:
18-րդ դարում Արցախը նույպես սկսեց դատարկվել: Մելիքներն իրենց բնակչությամբ գաղթում էին ով որտեղ կարողանար. Ռուսաստան` Հյուսիսային Կովկաս, Աստրախան և այլ, Վրաստան` Թիֆլիս, Բոլնիս-Խաչենի գյուղերը, Շուլավեր, Կախեթ, Գորի, Սղնախի, Քութաիսի և այլն: Նրանց մի զգալի մասը դարձավ վրացի:
Մի զգալի հատված տեղափոխվեց ներկայիս Հայաստան` Իջևան, Շամշադին, Նոյեմբերյան, Ստեփանավան, Ճամբարակի գյուղերը և այլն: Այդ տարածքների ներկայիս բնակչության մեծամասնությունը ծագումով ղարաբաղցիներ են: Սովետական ժամանակաշրջանում մեծ թվով բնակչություն տեղափոխվեց Հրազդան, Չարենցավան, Աբովյան, բնականաբար նաև Երևան, 1905-07 թվականների հայ-թաթարական ջարդերից հետո Երևանում հիմնվեց Ադրբեջանի Արեշ տարածաշրջանից եկածների Արեշ թաղամասը:
Հիմա անցնենք Արցախ: Երբ ռուսները գրավեցին Կովկասը, Արցախում համարյա բնակչություն չկար, դատարկ տարածքներ էին: Ռուսներն աշխարքաղաքական նպատակներով Արևմտյան Հայաստանից ու Պարսկաստանից սկսեցին հայեր գաղթեցնել ներկայիս Հայաստան և Արցախ: Տասնյակ հազարավոր հայեր հայտնվեցին Արցախում:
Մեծամասամբ այն հայերը, ում Շահ Աբասը ժամանակին տարել էր Արարատյան դաշտից: Անգամ Արցախի գյուղերի անվանումներն են Պարսկաստանի բնակավայրերի մասին հուշում` Մարագա, Թալիշ և այլն: Շատ հաճախ հարևան գյուղերը տարբեր բարբառներով են խոսում: Շատերը վերաբնակվել են Արևմտյան Հայաստանից, հատկապես Վանի կողմերից: Վանից ամբողջական գյուղեր իրենց տերտերների գլխավորությամբ գաղթում էին Արցախ:
Այնպես որ, եթե ծագումնաբանական տեսակետից մոտենանք հարցին, ապա այսօրվա արցախցիների մեծամասնությունը Հայաստանի` Արարատյան դաշտավայրի ու Նախիջևանի բնիկներն են, իսկ հայաստանցիների զգալի հատվածը ծագումով ղարաբաղցիներ են, այլ ոչ թե բնիկ հայաստանցիներ: Փաստորեն Արցախի և ներկայիս Հայաստնի միջև բնակչության փոխանակում է տեղի ունեցել:
Սա ի գիտություն ռասսայական տեսությունների սիրահարների համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը