28 11 2018

Հերմինե Նաղդալյանը ևս դուրս է գալիս ընտրապայքարից

Հերմինե Նաղդալյանը ևս դուրս է գալիս ընտրապայքարից

Շնորհակալություն հայտնելով  առաջադրման համար՝ հայտարարում եմ, որ  չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ  կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ: Այս բովանդակությամբ տեքստ է հրապարակել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը․ հայտարարության մեջ նա ներկայացրել է իր խորհրդարանական և կուսակցական գործունեությունը և տեքստն ավարտել  հույսով, որ նոր խորհրդարանը զրայական կետից չի սկսի, այլ կշարունակի իրենց ձևավորած լավագույն ավանդույթները։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հարգելի հայրենակիցներ,  մոտ 30 տարի ծավալում  եմ  հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995  թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի  պատգամավոր թիվ  49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 և  2017 թվ. ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:

23  և կես տարի պատվով և պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի  պատգամավորի  պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսա-վարկային,  բյուջետային և  տնտեսական և արտաքին հարցերի հանձնաժողովներում:  2012 -ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ:  Տարիներ շարունակ  հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ և համահեղինակ եմ:

Հպարտ եմ,  որ խորհրդարանական գործունեության ավելի  քան  23  տարիների ընթացքում  պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝  2003-2017 թվ. եղել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում  ԱԺ պատվիրակության անդամ,  ԵԽԽՎ  տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ ,  մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ  փոխնախագահ ,ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Աժ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի  տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների և  բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում  Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի  Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության և այլն,   ամենուրեք աշխատելով պաշտպանել և  առաջ մղել Հայաստանի շահերը:

Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից  և  արցախյան ազատամարտից  մինչև խաղաղություն և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կայացում , քաղաքացու  և քաղաքական գործչի  իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով  աջակցել պետականաշինությանը: Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ  ազնիվ և անմնացորդ,ղեկավարվել եմ պարտքով  և խղճով:  Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով  Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները:Խոսել եմ այնտեղ ,որտեղ շատերը  հաճախ  լռել են կամ  թաքնվել:

21 տարի  Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և այս տարիների ընթացքում  ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի  ղեկավարել եմ  ՀՀԿ Կանանց խորհուրդը (մոտ 80 հազ.անդամ), որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն  մասնակցությունը ունենալ թե ՀՀ քաղաքական դաշտում և թե միջազգային հարթակներում,  ձևավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի :

Այս ամբողջ  ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ, հազարավոր մարդկանց ընդունել և փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:

Այսօր, շնորհակալություն  եմ հայտնում իմ կուսակիցներին,  բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային Ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին և չընտրողներին» և թողություն խնդրել բոլոր այն սխալների  ու բացթողումների  համար, որ ունեցել  ենք ես ու իմ կուսակցությունը  մեր անցած ճանապարհին: Հավատացեք ՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների և ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի  մեջ:

Դեկտեմբերի 9 –ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ  պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական  և թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով  առաջադրման համար հայտարարում եմ, որ  չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ  կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:

Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:

Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին,  ուզում եմ,  որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական  կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ