24 01 2023

Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել. «Փաստինֆո»

Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել. «Փաստինֆո»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատավոր Վահե Դոլմազյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ դատարանը պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերում՝ ապահովելու գործի քննության ընթացքը, մինչդեռ, ինքն արդեն 1 տարի 4 ամիս անազատության մեջ է գտնվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։

Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է գործում առկա գրավոր ապացույցների հետազոտությունը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նիստի ավարտին Դավիթ Տոնոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց այն հիմնավորմամբ, որ արդեն երկար ժամանակ է՝ 1 տարի 4 ամիս, գտնվում է անազատության մեջ, մինչդեռ դատավոր Վահե Դոլմազյանը չի դրսևորում հատուկ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության ընթացքը, որը և՛ քրեադատավարական օրենսդրությամբ, և՛ վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրված պահանջ է։

«Առավելապես սուբյեկտիվ պատճառներով դատական նիստերը ձգձգվում են, նշանակված դատական նիստերը սպասվածից շատ ավելի կարճատև են լինում՝ պատճառաբանելով դատարանի ծանրաբեռնվածությունը, միջնորդությամբ նշվել է, որ դատական նիստերի ձգձգումները դատավորի կողմից դիտավորյալ են իրականացվում, որպեսզի կալանավորման միակ հիմքը՝ վկաների վրա ազդեցություն ունենալը, դեռևս անհնար լինի չեզոքացնել»,- նշեց Սերգեյ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։

Փաստաբանը հայտնեց, որ գրավոր ապացույցների հետազոտումը դեռևս չի ավարտվել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ