28 11 2018

Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Վիկտոր Սողոմոնյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հնչեցրել էր հետևյալ միտքը․

«Դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը, ընդունված կարծիքի համաձայն, տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս՝ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսե՞լ ա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է։ Ոչ, չեն ասել»։

 

Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին խնդրել է մեկնաբանել Փաշինյանի խոսքերը։

«Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել` թեև ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել` թեև կարող էր: Այս երկու իրողություններն արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին: Սա առաջինը:

Երկրորդը: Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ` ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել: Ղարաբաղյան փառահեղ հաղթանակների ժամանակ ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահն է եղել: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայկական բանակը աննախադեպ զարգացում է ապրել, և դա պատմական փաստ է:

Ընտրարշավին բնորոշ դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

 

Ի դեպ, Հայաստանի իշխանությունները, վերլուծաբաններն ու քաղաքացիները մշտապես նշել են, որ Հայաստանի ամենակայացած կառույցը բանակն է։

Իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դեռ 2007 թվականին հայտարարել է․ «Հայոց բանակը ամենամարտունակն է հետոխորհրդային տարածքի պետությունների բանակների շարքում: Ես շատ զորավարժությունների եմ ներկա գտնվել եւ տեսել եմ հայկական ստորաբաժնումները, որոնք թեեւ շատ չեն, սակայն շատ լավ են պատրաստված, համախմբված են բարձր բարոյական ոգով: Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ են ՀԱՊԿ գործնեության մեջ: Մենք Հայաստանից բազմաթիվ տարբեր առաջարկներ և նախաձեռնություններ ենք ստանում, որոնք հետո իրականացնում ենք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ