27 11 2018

Հարցն այնպես կլուծվի, որ ՀԱՊԿ-ն արդյունքում ավելի ամուր կլինի․ ՌԴ դեսպան

Հարցն այնպես կլուծվի, որ ՀԱՊԿ-ն արդյունքում ավելի ամուր կլինի․ ՌԴ դեսպան

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակության է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

«Եթե խոսենք Մեծամորի ատոմակայանի աշխատանքի մասին, ապա նրա ներդրումն անգնահատելի է երկրի զարգացման իմաստով: Ապահովվում է աշխատանք: Ատոմակայանը մեծ ներդրում ունի այն հարցում, որ երկրի բնակչության համար տրվող էլեկտրաէներգիայի սակագինն ընդունելի լինի»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: 

Կոպիրկինը նշեց, որ իրականացվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքի երկարաձգման աշխատանք: Ըստ դեսպանի՝ չի բացառվում, որ հետագայում խոսվի նաև ավելի շատ երկարաձգվելու մասին, որը տեղի կունենա անվտանգության և մի շարք այլ հարցեր քննարկելուց հետո: «Ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը հեռանկարային է: Խոսվում է աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կուսումնասիրի հարցը: Այնպես որ ուզում եմ նշել, որ հարցը կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի իշխանությունների համար»,- ավելացրեց նա:

Նա նաև նշեց՝ ՀԱՊԿ-ում բոլոր խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն կոնսենսուսի հիման վրա:

«Ես պատրաստ չեմ այս թեմայով մանրամասն մեկնաբանություններ տալ: Կարող եմ մեկ բան ասել` ՀԱՊԿ-ում բոլոր խնդիրները պետք է եւ լուծվելու են կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որ Կազմակերպությունն աշխատի եւ մեր ընդհանուր անվտանգության ապահովման համար այնպիսի ներդրում ունենա, որն իրենից ակնկալում են», - ասաց նա՝ հավելելով, որ դա  ռուսական կողմի դիրքորոշումն է:

Հարցին՝ կկարողանա արդյոք Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնել Յուրի Խաչատուրովի հետ կանչից հետո, դեսպանը պատասխանեց, որ ինքը լիազորված չէ պետությունների առաջնորդների փոխարեն խոսել:

«Ես վստահ եմ, որ հարցն այնպես կլուծվի, որ կազմակերպությունն արդյունքում ավելի ամուր կլինի, այդ թվում Կազմակերպության կանոնակարգի դրույթների պարզաբանման եւ փոփոխության տեսանկյունից, բայց եկեք այս թեման մեր պետությունների առաջնորդներին թողնենք»,- ասաց Կոպիրկինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ