Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ Սասուն Միքայելյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Թալինում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:
«Սասուն Միքայելյանը ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, բայց ես չեմ հասկանում ոմանց ոգևորությունը նրա հայտարարության կապակցությամբ»,- նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ զինվորից գողացվածները պետք է հետ բերվեն, և զինվորից գողություն անողները չեն ներվելու:«Իրենց թվում է, թե հարմար առիթ է ոգևորվելու համար: Չոգևորվեք ոչ մեկդ, հանգիստ նստեք տեղներդ և սպասեք, որ այն, ինչը մենք անում ենք, իրականություն դառնա:
Ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում է արել և ինքն էլ ուղղեց իրեն՝ ասելով, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, և ոչ թե հակառակը: Այս ճշգրտումներից հետո չեմ հասկանում՝ ինչու են ոմանք առանձնապես ոգևորվել: Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին: Զինվորի բաժինը գողացողների հետ ընկերակից և մասնակից են եղել: Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական միավորներ հավաքեն: Թույլ չեմ տալու ձեզ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:
«Եվ չստիպեք, որպեսզի մենք այդ թեմաներով ավելի բաց խոսենք: 20 տարի թալանել եք բանակը, ոչ մի բան տեղի չէր ունենում, և հույս ունեք, որ շարունակելո՞ւ եք, հույս չունենաք: Թույլ չենք տալու, որ մեր ժողովրդին մանիպուլյացիաների ենթարկեն: Թալանչիների ժամանակն անցել է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը պետք է Հանրապետական կուսակցությանը նետի պատմության աղբանոցը՝ որպես երկիրը, բանակը թալանած, հակապետական կառույց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը