26 11 2018

Ի՞նչ սպասել դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ում․ 168․am

Ի՞նչ սպասել դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ում․ 168․am

«ՀԱՊԿ-ն աշխատում է իր բնականոն ռիթմով, բայց հրապարակային տարաձայնություններով երկարաձգվող խնդիրները հարվածի տակ են դնում ՀԱՊԿ-ի կայունությունը, հեղինակությունն ու միասնականությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ նիստին և հայ-բելառուսական տարաձայնություններին:

«Բելառուսի նախագահի դիրքորոշմանն աջակցում է նաև Ղազախստանի նախագահը, որի մասին նա խոսեց բաց տեքստով Աստանայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստից անմիջապես հետո, իսկ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունի, քանի որ իր ռազմավարական գործընկերը ցանկանում է շարունակել նախագահել, որին դեմ են իր մյուս գործընկերները: Ռուսաստանը չի ցանկանում իր մեկ գործընկերոջ հաշվին մեկ այլ գործընկերոջ օգտին հանդես գալ, որը ճիշտ չի լինի, հատկապես, երբ որոշ ընթացակարգեր խախտվել են, և հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարընթերցումներ կան՝ պայմանավորված ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությամբ:

Կարծում եմ` առաջիկայում Սանկտ Պետերբուրգում ևս հարցը չի լուծվելու, քանի որ կողմերը կոնսենսուսի չեն գալու: Վստահ եմ, որ ընտրություններից առաջ ՀՀ իշխանություններն իրենց դիրքորոշումից չեն հրաժարվի, իսկ Լուկաշենկոն, հաշվի առնելով բելառուսաադրբեջանական պայմանավորվածությունները և իր քաղաքական կերպարի բնույթը, ցանկանում է շուտ ստանձնել իր նախագահությունը՝ հույս ունենալով, որ քարտուղարի պաշտոնը նաև կկարողանա օգտագործել՝ ի օգուտ Ադրբեջանի, ինչը, ըստ էության, անհնար է, քանի որ որոշումները կայացվում են կոնսենսուսով և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մակարդակով: Սակայն հարցի շուրջ կոնսենսուսի հետաձգումը, ինչպես տեսանք, է՛լ ավելի է սրում կողմերի դիրքորոշումները, և ժամանակն աշխատում է ընդդեմ այս հարցի շուրջ համաձայնության ձեռքբերման»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:

Նրա խոսքով, հարցը Հայաստանի օգտին չի լուծվի: «Եթե լուծվեր, ապա կլուծվեր Աստանայում: ՀԱՊԿ ղեկավարները, ըստ էության, հայկական կողմին առաջարկում են չշարունակել նախագահությունը, քանի որ ներքաղաքական փոփոխությունների փուլում ՀԱՊԿ-ում նման պատասխանատվությունը հավելյալ բեռ է ՀՀ իշխանությունների վրա, և սա նաև լավ արդարացում կարող է դառնալ ՀՀ իշխանության համար հասարակության առջև: Բելառուսի նախագահի վերջին դիտարկումներից մեկն այն մասին էր, որ հայկական կողմը պետք է մտածի այդ առաջարկի շուրջ և պատասխանի Սանկտ Պետերբուրգում: Բայց քանի որ Փաշինյանը մի քանի անգամ պնդել է, լուրջ արդարացում է հարկավոր հրաժարվելու համար այդ պնդումից: Իրականում իրավիճակը բարդ է, քանի որ այս հարցում կոնսենսուսի հնարավորություն ներկայումս չկա: Բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր չէ, դա ամենակարևորն է»,- նման համոզմունք հայտնեց Լուկիանովը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք  168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ