Ռուսական կողմը ողջունում է ցանկացած պայմանավորվածություն, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման վերաբերյալ՝ լրատվամիջոցներում հրապարակվող առաջարկը:
«Նախաձեռնությունը հրաշալի է, սակայն պետք է աշխատել դրա վրա, որպեսզի այն վերածվի պայմանավորվածության», - ասել է Զախարովան: Ռուսական կողմը ողջունում է նաև դեկտեմբերին Միլանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը։ «Մենք կողջունենք նման հերթական հանդիպումը, եթե կողմերը պայմանավորվեն դրա անցկացման շուրջ: Դա յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է` նման որոշում կայացնել, նման հանդիպումներ անցկացնել: Եթե նման հանդիպում կայանա և կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ համաձայն «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալության, Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել ձերբակալված անձանց և գերիներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը