ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վիրավորված է Բելառուսի կողմից մեր երկրին հասցված վիրավորանքի համար:
«Ես վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար։Ես և իմ մարտական ընկերները շատ ենք ցանկանում, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերը իրենց վերաբերմունքը հայտնեն իր դեմքը պատռած, այսպես կոչված, գործընկեր երկրի խայտառակ պահվածքի շուրջ, ակնկալում ենք լրատվամիջոցներից հրապարակել նրանց դիրքորոշումը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման շրջանակում ներկայացրել էր ավելի վաղ Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ քննարկված թեմաները:
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից:«Դա մոտավորապես նույնն է, եթե ես հրավիրեի ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող որևէ երկրի դեսպանի ու պատմեի նրան փակ դռների հետևում կայացած հանդիպման մասին»,-ասել էր Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությանն արձագանքել էր Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակը նշելով, թե Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով պատժել կամ ներում շնորհել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը