17 11 2018

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքում է Փաշինյանին

Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքում է Փաշինյանին

Բելառուսի ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում կպահանջի ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաներն Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար, հաղորդում է Belsat.eu-ն։

Ինչպես նշվում է, Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով  պատժել կամ ներում շնորհել»:

«Հավանաբար, դա ընդունելի կլիներ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է Գլազը:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը հավելել է, որ «պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ  այսպես կոչված «փողոցային ժողովրդավարության» կանոներն անընդունելի են մեծ քաղաքականությունում»: «Ափսոս: Լիահույս ենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»,-նշել է խոսնակը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հայտարարել էր, որ այս առնչությամբ պարզաբանումներ կպահանջի Լուկաշենկոյից:«Դա մոտավորապես նույնն է, եթե ես հրավիրեի ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող որևէ երկրի դեսպանի ու պատմեի նրան փակ դռների հետևում կայացած հանդիպման մասին»,-ասել էր Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ