16 11 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք ընտրությանը:

Զրույցի սկզբում լրագրողը հիշեցրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, համաձայն որի «ՀԱՊԿ անդամ մի շարք պետությունների ղեկավարների կարծիքով՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսի ներկայացուցչին»:

«Ավելի ուշ հայտարարվեց, որ հարցը քննարկվելու է դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է այս պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից և արդյո՞ք Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու որոշում է կայացվել»,-հետաքրքրվել է լրագրողը:

«Եթե ի պատասխան կրկնեմ այն, ինչ ամբողջ ընթացքում պնդել է Հայաստանը, ապա կգանք այն եզրահանգմանը, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա, և դրա համար մենք ունենք լավ կադրային ներուժ»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ին անդամակցում է վեց իրավահավասար պետություն, որոնք որոշումները կոնսենսուսի միջոցով են կայացնում:

Հիշեցնենք, որ Հայաստանում հարուցված քրեական գործի հետևանքով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հեռացվել էր պաշտոնից: Նոր գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշումը կայացվելու է ավելի ուշ՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:

 

Ի՞նչ է անելու Հայաստանը երկու կրակի արանքում․ հարցրել է լրագրողը՝ նկատի ունենալով, որ Հայաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված ԱՄՆ-ն Իրանի հետ առճակատման մեջ է։

Զոհրաբյանը պատասխանել է․ «Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է, որի հետ հաստատել ենք տարածաշրջանի ներկայիս իրողությանը համապատասխան ու Երևանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող երկկողմ օրակարգ։ ․․․ Ներկայում մենք շփումների մեջ ենք ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ` մեր շահերը ապահովելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու նպատակով»:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ