Ռուսական Коммерсантъ թերթն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ վերջին զարգացումներին: Թերթը գրում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է այդ հարցը՝ հայտարարելով, որ պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երեք թեկնածու առաջարկել:
«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես հասկանա իրավիճակը, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունն ու ՀԱՊԿ-ը: Դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որը գտնվում է նման անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը գլուխ կհանի: Եթե Նիկոլ Փաշինյանը գլուխ հանի, ապա մեզ պատասխան կտա Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ»,- նշել է Բելառուսի նախագահը:
Թերթը հավելում է՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Լուկաշենկոյի այդ քայլը` այն «ոչ կոռեկտ» որակելով: Նաղդալյանը նշել է, որ դա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի ներսում խնդիրներ կան, որոնք հարկավոր է լուծել:
«Մինչ օրս Մինսկի և Երևանի պայքարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դուրս չէր բերվել հրապարակային հարթություն, սակայն պարոն Լուկաշենկոն ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպման ընթացքում բացահայտ կասկած է հայտնել, որ ՀՀ-ն կկարողանա գլուխ հանել և գլխավորել ՀԱՊԿ-ն»,- եզրափակում է թերթը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը