14 11 2018

Խորհրդարանը կողմ կքվեարկի բյուջեին՝ որպես կառավարությանը լավություն

Խորհրդարանը կողմ կքվեարկի բյուջեին՝ որպես կառավարությանը լավություն

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով, նոյեմբերի 21-ին կարող է գումարվել արտահերթ նիստ՝ պետական բյուջեի ընդունման համար։

«Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ասաց նաև, որ կողմ են քվեարկելու, քանի որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։

Բյուջեին կողմ քվեարկելու խոստում տվեց և «Ծառուկյան» դաշինքը։ «Չենք կարող չաջակցել այս կառավարությանը, որ ապագայում գործունեություն ծավալի։ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

ՀՀԿ-ն թեև նշում է, որ կառավարությունը չի կատարել խոստումը և չի բերել հեղափոխական բյուջե, այնուամենայնիվ, կողմ են քվեարկելու։ «Այս բյուջեի մեջ չեմ տեսնում այն խոստումների արտացոլումը, որի միջոցով եկել եք իշխանության, ոչ միայն արտացոլումը չեմ տեսնում, այլև նշույլները չեմ տեսնում ապագայում դրանց իրականացման համար։ Այդ դեպքում ի՞նչն եք փոխել, ի՞նչով են տարբերվում ձեր իսկ ներկայացրած բյուջեն ու վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից։ Դուք ընդամենը շարունակությունն եք, և սա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է»,- հայտրարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Ուշագրավ է, որ «Ելք» խմբակցությունից ելույթներ չեղան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ