12 11 2018

Խուժան կռվի արդյունքում կունենանք խուժան խորհրդարան. Արմեն Աշոտյան

Խուժան կռվի արդյունքում կունենանք խուժան խորհրդարան. Արմեն Աշոտյան

Մենք այսօր իշխանության չենք հավակնում, Հայաստանում ունիկալ ընտրություններ են, սրանք իշխանության ընտրություն չեն: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք մեր սխալ ընկալվածության պատճառով տուժել ենք, գնացել ենք: Վերջ, քըխ «Հանրապետականն» այլևս իշխանության չէ: Եկել է իշխանություն, որն ասում է՝ ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ, ուժեղ եմ: Իշխանության կարիքը ընդդիմության մեջ է: Ղարաբաղյան հակամարտության հարցով, եթե, Աստված չանի, տոտալ իշխանություն ունեցող մարդուն դեմ տան լուծում, չի կարողանալու ասել՝ ժողովրդի հետ խնդիր եմ ունենալու: Ինքը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ժողովուրդը «Հայր մեր»-ի փոխարեն «Նիկոլ մեր» է ասում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ըստ Աշոտյանի` եթե, իրոք, այս իշխանությունը ժողովրդավարության համար էր, ապա ՀՀԿ-ին քարոզչության համար պետք է տալ լավագույն հավասար պայմանները:

«Եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, պարտավոր է օր առաջ ուղերձներ տալ բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, թե այս ընտրությունները պետք է վերածվեն բռնցքամարտի: Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ են պայքարում, ոչ թե հազարը հարձակվում են մեկի վրա: Եթե հազարը` մեկի վրա, դա արդեն բռնցքամարտ չէ, դա արդեն խուժան կռիվ է: Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ մրցակցություն, մենք պետք է, ըստ շախմատային կանոնների կամ ըստ բռնցքամարտի կանոնների, մեկը մեկի դեմ բանավեճին պատրաստ լինենք: Իսկ եթե խոսքը գնում է խուժան կռվի մասին, խուժան կռվի արդյունքում կունենանք խուժան խորհրդարան` այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով` նախ և առաջ Հայաստանի համար»,- եզրափակեց Աշոտյանը:

Աշոտյանի խոսքով` երբ բացահայտվի իրենց ռեյտինգային ցուցակը, այնտեղ կտեսնենք երիտասարդ դեմքեր, նաև մարդկանց, որոնք երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնենք մարդկանց, որ չէինք մտածի, թե կլինեն ցուցակում: Նա անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանի այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարան չի անցնելու:

«Հրաչ Հակոբյանը չունի քաղաքական կյանքի մեծ փորձ: Լավ է, որ երիտասարդ տարիքում դարձել է պատգամավոր, վստահ եմ, որ կունենա հնարավորություն՝ դառնալու ավելի փորձառու, շատ ավելի խոհեմ, ինչպես ես: Իմ թիվ մեկ խորհուրդը հարգելի Հրաչին, որ չկրկնի իմ ու Շարմազանովի սխալները, չափից ավելի մեծ գոռոզամտությունը, որը երբեմն շփոթում եք արժանապատվության հետ, լավ բանի չի բերում»,- նշեց Աշոտյանը:

Անդրադառնալով մարտի 1-ի թեմային, Աշոտյանն ասաց, թե Մարտի 1-ի քաղաքական հետեւանքները վերացված են․ «Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի ապրիլյան պատերազմի, «Սասնա ծռերի» ժամանակ եղած հայտարարությունները, Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելը և բազմաթիվ այլ դեպքերով կարող ենք ասել, որ քաղաքական զարգացումների վրա «Մարտի 1»-ը այդ ազդեցությունը չի թողել: Սա անեկբա ճշմարտությունը է»:

Լրագրողների արձագանքին, թե մեղավորները այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, Աշոտյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ փաշինյանը հայտարարել է, որ գործը բացահայտված է։ «Նրան հարցրեք, թե եթե ասել եք՝ բացահայտված է, ինչու է գործը շարունակվում: Այդ ոնց է բացահայտված: Ինչու պետք է վարչապետն իմանա՝ գործը բացահայտված է, թե ոչ: Որտեղ է գրված, որ ուժայինները պետք է զեկուցեն, թեբանկային հաշիվներին ինչքան փող կա, գործը բացահայտված է, թե ոչ, ում ինչ կոռուպցիան բանի մեջ են մեղադրում»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ