12 11 2018

«Արժանապատիվ Ապագա»–ն «պարզաբանումներ է տվել կուսակցության անունից ՀԲԸՄ-ին վերաբերող հայտարարության մասին»

«Արժանապատիվ Ապագա»–ն «պարզաբանումներ է տվել կուսակցության անունից ՀԲԸՄ-ին վերաբերող հայտարարության մասին»

ՀԲԸՄ պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում պարզաբանումներ տրվեցին կուսակցության անունից ՀԲԸՄ-ին վերաբերող հայտարարության դրդապատճառի և նպատակի մասին: Մասնավորապես, ընդգծվեց, որ հայտարարությունը նպատակ չի հետապնդել որևէ կերպ ստվեր գցել ՀԲԸՄ-ի ազգանպաստ գործունեության վրա, այլ՝ կազմակերպության ենթակայության ներքո գտնվող ուսումնական հաստատությունները զերծ պահել ՀԲԸՄ-ի գաղափարախոսությանը խորթ, ոչ հարիր դրսևորումներից։

Բացի այդ՝ կուսակցության անունից կարևորվեց Սփյուռքի մեր հայրենակիցների դերը Հայաստանի ապագան կերտելու գործում, նշվեց, որ «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը եզակիներից է երկրում որ մշտապես հանդես է եկել նրանց ոչ միայն ընտրելու, նաև՝ ընտրվելու իրավունք շնորհելու դիրքերից:

Իր հերթին ՀԲԸՄ-Հայաստանի մշակութային և հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսսա Մարգարյանը ներկայացրեց ՀԲԸՄ կողմից մասնավորապես Հայաստանում և Արցախում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը և նախաձեռնությունները։ Նա նշեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ապաքաղաքական կառույց է և երբևէ որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի օգտին քարոզչություն չի իրականացրել և կազմակերպության գործունեությունը միտված է բացառապես հայկական ժառանգության և ինքնության պահպանմանը՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով:

Հանդիպման արդյունքում կողմերը հաջողություն մաղթեցին միմյանց՝ իրենց գործունեության և առաքելութան մեջ, նաև պայմանավորվեցին հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են վնասել միմյանց բարի համբավը և տասնամյակներով վաստակած հեղինակությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ