«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջև հուշագիր ստորագրելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ Հայաստանի Հանրապետական ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են:
Սարգսյանը նշեց, որ բարեկամական ու ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին․«Գրպանային ընդդիմության մասին ասեմ, ինչի մասին խոսում են: Ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ, դրա մասին գիտեն ինձ ճանաչող մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին, ես շատ շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներից: Նիկոլ Փաշինյանն էլ իր հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ կարողանամ ես իմ առանձնահատուկ տեսակետն ասել, որը տարբերվում է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ընդդիմադիր լինելուն, Արամ Սարսգյանն ասաց, որ Հանրապետականն ինքն է ասում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, և որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանը: «Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են և ես այլընտրանքն եմ իրենց, ոչ թե հակառակորդն եմ որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ:
Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից են, մեկ միլիարդանոց շուկայի կողմնակիցն են»,-ասաց Արամ Սարգսյանը, ում խոսքով՝ այդ մասին խոսել է Ազգային ժողովում և շարունակելու է խոսել, իսկ այսօր ձևավորված «Մենք» դաշինքը պետք է երկրին. «Ես սրա համար եմ քաղաքական դաշտում»:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը