ԱԱԾ-ի՝ 2019թ. ծախսերի նախահաշիվը կազմում է 22 մլրդ 580 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2, 207 մլն դրամով: Այս մասին «ՀՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը:
«Ավել նախատեսված գումարը հիմնականում պարգևավճարների և խրախուսումների վճարի համար է, որը բյուջեի 9,7%-ն է կազմում»,-ասաց նա: Ըստ Հակոբյանի՝ ընթացիկ ծախսերի համար գումարը բաշխվել է 22 մլրդ 272 մլն դրամ և կապիտալ ծախսերի համար՝ 307 մլն դրամ: «Ծրագրի գերակշիռ մասը՝ 18 մլրդ 778 մլն դրամը, որը կազմում է 83%-ը, նախատեսվում է աշխատավարձերի, պարգևավճարների և այլ վարձատրումների համար, մնացած 3 մլրդը շարունակական ծախսերն են»,-ասաց նա:
ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը նկատեց, որ պետական գաղտնիք ներկայացնող տեղեկությունները պետք է քննարկման դրվեն խորհրդարանում, և առաջարկեց, որ առանձին նման քննարկում իրականացնեն բյուջեի քննարկմանը: Արամ Հակոբյանը նշեց, որ իրենց գործունեությունը հիմնականում վերաբերում է հետախուզությանը և հակահետախուզությանը, որի մեջ ծավալվում է ամբողջ աշխատանքը: «Եթե բացահայտ խոսենք, թե ինչպես ենք հետախուզություն անում, տրամաբանական չի լինի: Եթե կոնկրետ հարց կա՝ անհանգստացնող ոլորտի կամ գործունեության վերաբերյալ, կարող են գրավոր ներկայացնել »,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ համակարգը համալրվելու է նոր աշխատակիցներով,նա հայտնեց, որ համալրվում է, բաց հրաժարվեց թիվ ներկայացնել, քանի որ դա գաղտնի տեղեկություն է, ինչպես նաև նշեց, որ 2019-ին ԱԱԾ-ում աշխատավարձերը կբարձրանան 30%-ով:
Հարցին` ինչո՞ւ է այնպես ստացվել, որ միայն ԱԱԾ-ում է բարձրանում աշխատավարձ, իսկ մյուս գերատեսչություններում` ոչ, Հակոբյանը պատասխանեց, որ բոլոր տեղերում էլ բարձրանալու է:
Դիտարկմանը` ոստիկանությունում չի բարձրացել, նա արձագանքեց. «Նրանց մոտ էլ է բարձրացել` 7 մլրդից ավելի: ԱԱԾ-ում բարձրանալու է 2 մլրդ 202 հազարով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը