06 11 2018

ԼԳԲՏ ֆորումը, համաներումը, արտահերթ ընտրությունները՝ Վալերի Օսիպյանի տեսանկյունից



Օրենքը թույլ տալիս է, որ մարդիկ կարողանում են զենք ունենալ, քանակը սահմանափակ չէ: Միայն թե այդ տեսակները բխի օրենքից և զենքն օրինական լինի: Այս մասին նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով դիտարկանը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ 70 հատ զենք ունի, որ տղամարդը պետք է կրակի:

Օսիպյանը նաև անդրադարձավ անվանական զենքեր նվիրելու պրակտիկան վերանայելու խնդրին. «Մենք արդեն վերանայում ենք: Կա վարչապետի հանձնարարական, ստուգում ենք դրանց օրինական լինելը, ժամկետի մեջ լինելը: Նաև համայնքային ոստիկանների գործառույթների մեջ է մտնում այցելել բնակարաններ և անձամբ տանը տեղեկանալ զենքերի պահման պայմաններին»:

Խոսելով առաջիկայում նախատեսվելիք ԼԳԲՏ ֆորումի մասին Վալերի Օսիպյանն ասաց, որ այն չի անցկացվելու:

«Ոչ, չի լինելու: Կարծում եմ նաև այս պահին ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում նաև ռիսկերը հաշվի առնելով, անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորոմը»,-ասաց Օսիպյանը, հավելելով, որ բոլոր դեպքերում ոստիկանությունը պատրաստ է այդ միջոցառմանը:

Խոսելով համաներման մասին ոստիկանապետն ասաց, որ դրա արդյունքում կարող են պատժից ազատվել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք ժամանակին իրեն պատանդ էին պահել:

Հարցին՝ այդ դեպքում դե՞մ է համաներմանը, հաշվի առնելով, որ, օրինակ «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվածների հարազատները ևս դեմ են արտահայտվել նրանց պատժից ազատվելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ես կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը, նրանց կարծիքը։ Մենք կորցրել ենք ընկերներ, կորցրել ենք մեր լավագույններին ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նաև նշված է, որ թե′ պատանդների կարծիքը, թե′ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Ես կողմ եմ այդ կարծիքին: Նաև իմ և մյուս մեր ընկերների կարծիքը, որոնք պատանդ են եղել, պետք է հաշվի առնել», - ասաց Վալերի Օսիպյանը:

Դիտարկմանը, որ «Սասնա ծռերից» Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ Վալերի Օսիպյանն այդ օրերին պատանդ չի եղել, իրենց հետ կերել-խմել է, ոստիկանապետն արձագանքեց. «Էլ բան ու գործ չունեի՞, 7-8 օր մնացել եմ էնտեղ՝ գործերս թողած»։

Այնուամենայնիվ նա նշեց, որ համաներման վերաբերյալ իր կարծիքն արտահայտել է Կառավարության դռնփակ նիստի ժամանակ և բավարարված է համաներման տեքստով:

Հարցին թե համաներումից հետո հանցավորության մակարդակը չի բարձրանա, ստիկանապետը պատասխանեց. «Միանշանակ ռիսկեր կան, որ համաներումից հետո մենք կունենանք կրկնահանցագործություններ, բայց ես ողջունում եմ համաներումը, դա մարդասիրական մոտեցում է։ Չեմ բացառում նաև, որ շատերն ուղղվել են: Բայց նաև չբացառենք, որ կարող են լինել կրկնահանցագործություններ: Ոստիկանությունը կիրականացնենք պրոֆիլակտիկ աշխատանքներ, որ կրկնահանցագործություններ չկատարեն ու նորից չհայտնվեն քրեակատարողական հիմնարմներում», - ընդգծեց Օսիպյանը:

Խոսելով ընտրությւոնների մասին ոստիկանապետը նշեց, որ ինքը պարտավոր է և երաշխավորում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի լինելու: 

«Ես պարտավոր եմ և երաշխավորում եմ, որ չի լինելու ընտրակաշառք։ Խստագույնս պատժվելու են՝ անկախ կուսակցական պատկանելիությունից ու նրանց ով լինելուց: Եթե պայմանական ընդունենք, որ առաջիկա կիրակի լինելու են ընտրություններ, մենք արդեն իսկ պատրաստ ենք, լիարժեք տիրապետում ենք իրավիճակին: Օրենքի առջև բոլորը հավասար են ու մենք կապահովենք, որ բոլորի հավասարությունը լինի», - ընդգծեց Օսիպյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ