Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտը երեք կուսակցությունների համար խնդիրներ չի առաջացնի: Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա կարծիքով, դրանք «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցություններն են: Ըստ քաղտեխնոլոգի՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համար դժվար կլինի առանձին-առանձին խորհրդարան մտնել:
Բացի այդ, ըստ քաղաքական տեխնոլոգի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում նոր կուսակցությունները նույնպես բավական լուրջ խնդիրներ ու դժվարություններ կունենան:
Խոսելով ՀՀԿ-ի մասին, նա նշեց, որ այն 20 տարի իշխանության է եղել եւ այդ ժամանակահատվածում ստեղծել է բավականին լուրջ ազդեցության գոտի:
«Կան մարդիկ, որ նրանց իշխանության ժամանակ իրենց շատ հարմարավետ էին զգում: Նրանք շատ չեն, բայց նրանք՝ այդ ընտրազանգվածը պատրաստ է աջակցել ՀՀԿ-ին եւ ըստ էության, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նրանց պոտենցիալ ընտրողն է», - ասաց Քոչարյանը:
Հարցին՝ արդյոք «Սասնա ծռեր» կուսակցությունը կհայտնվի խորհրդարանում, քաղտեխնոլոգը պատասխանեց, որ տվյալ քաղաքական ուժը նոր է և շատ արմատական է տրամադրված:
Ըստ Քոչարյանի, եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ընդունվեին, ապա նրանք ավելի շատ հնարավորություններ կունենային խորհրդարան անցնել:
Դիտարկմանը՝ նախկին ՀՀԿ-ականների՝ «Քաղաքացիական պայմանագիր» անցնելն ի վերջո չի՞ հանգեցնի այդ ուժի ՀՀԿ-ականացման, Քոչարյանը պատասխանեց՝ մեկ-երկու դեպքերը մտահոգիչ չեն, բայց եթե երևույթը զանգվածային բնույթ կրի, ՔՊ-ն անպայման կհանրապետականանա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը