02 11 2018

Ղարաբաղյան կարգավորումը կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակից. Լավրով

Ղարաբաղյան կարգավորումը կախված է Հայաստանի քաղաքական իրավիճակից. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ լուրջ պայմանավորվածության ձեռքբերումը դժվար թե հնարավոր լինի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել:

Ինչպես նշում է ria.ru-ն, Լավրովը մանրամասնել է, որ ավելի վաղ Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է շփումների, երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների շարունակմանը, ինչպես նաև նրան, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստակամ են շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Մենք նման դիրքորոշումը ողջունում ենք: Հասկանում ենք, որ քանի դեռ ներկայում տեղի ունեցող ներքաղաքական բավական բուռն գործընթացները չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ու ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովող կոնկրետ տարբերակների լուրջ դիտարկումը: Սա հարց է, որ պետք է լուծվի հակամարտության կողմերի կողմից: Իհարկե, մենք ելնում ենք նրանից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները: Սակայն ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքանով մենք գիտենք, նման համաձայնություն չկա»,- ասել է նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ