01 11 2018

Փաշինյանը քաջ գիտակցում է՝ ԼՂ հակամարտությունն անլուծելի կմնա․ «Коммерсантъ»

Փաշինյանը քաջ գիտակցում է՝ ԼՂ հակամարտությունն անլուծելի կմնա․ «Коммерсантъ»

«Կոմերսանտ» թերթն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին՝ նշելով, որ չնայած որևէ առաջընթաց չկա, այնուամենայնիվ, այս օրերին տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահները չեն հրաժարվում բանակցային գործընթացը «մեռած կետից» տեղաշարժելու փորձերից:

Հոդվածում հիշեցվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ արած անսպասելի հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բաքվի հետ բանակցություններում ավելի վճռական քայլերի դիմելու «քարտ բլանշ» կարող է ստանալ:

Ավելի վաղ նմանատիպ միտք էր արտահայտել նաև ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: «Մինչդեռ պարոն Փաշինյանի մոտ Բոլթոնի առաջարկը ոգևորություն չի առաջացրել: «Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և առհասարակ որևէ մեկը չի կարող իմ անունից խոսել»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ չի կարող այնպիսի որոշում կայացվել, որն անընդունելի կլինի ՀՀ-ի և Արցախի ժողովուրդների, Արցախի իշխանությունների համար»,-գրում են հոդվածի հեղինակները։

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյայի ասածը, հայտնել էր, որ հակամարտության կարգավորման հարցում չի կարող արտաքին ճնշում գործադրվել: Հոդվածում նշվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն իր նախորդների, ավելի արմատական դիրքորոշում ունի այս հարցում: Նրանք չափազանց կտրուկ են համարում վարչապետի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեցրած այն միտքը, որ «եթե Ադրբեջանը չի ցանկանում բանակցել Ստեփանակերտի հետ, ուրեմն նշականում է, որ ցանկանում է սոսկ ԼՂ տարածքը ստանալ՝ առանց ժողովրդի»:

Ռուսական պարբերականի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է, որ կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշակի ձայն ու ներգրավվածություն ունենա կարգավորման գործընթացում:

«Հայկական կողմի գործողություններն ուղղված են այդ տրամաբանության շրջանակում խաղաղ բանակցային  գործընթացի շարունակմանը»,-նշել է Նաղդալյանը:

Հայտնի է, որ բանակցային գործընթացում Ստեփանակերտի ներգավվածության հարցն օրակարգից հանվել էր գործընթացի դեռևս սկզբնական փուլում, քանի որ ԼՂՀ ներկայացուցիչների կարգավիճակը հնարավոր չէր որոշել:

Վերադառնալով ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին՝ հեղինակները նշում են, որ Արցախում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Բակո Սահակյանը կրկնել է Նիկոլ Փաշինյանի միտքն այն մասին, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակցային գործընթացին:

Այնուամենայնիվ, համանախագահները պաշտոնապես չեն արձագանքել Երևանի ու Ստեփանակերտի առաջարկին՝ դիվանագիտորեն խուսափելով ուղիղ պատասխանից: «ԼՂ հարցով բանակցությունների ձևաչափի փոփոխության առաջարկը՝ Բաքվի համար անընդունելի լինելու պատճառով ընդունելու հնարավորություն չունեցող համանախագահների նոր այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այս միջազգային մեխանիզմը շարունակում է ապարդյուն աշխատել»,-ռուսական պարբերականի հետ զրույցում ասել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մալաշենկոն:

Նրա խոսքով՝ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հակամարտությունը կշարունակի անլուծելի մնալ, ու Երևանը երբեք Բաքվի հետ իրական երկխոսություն չի ունենա: «Այնպես որ Փաշինյանը գիտակցաբար բարձրացնում է պահանջների նշաձողը, որ գոնե իր դիրքերն ամրապնդի հայրենիքում»,-հայտնել է Մալաշենկոն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ