26 10 2018

Քրգործով կարող են մի հետևության հանգել, ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ մեկ այլ․ Կոստանյան

Քրգործով կարող են մի հետևության հանգել, ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ մեկ այլ․ Կոստանյան

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից իրենց նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկ չկա, քննարկում չի եղել այս հարցով:

«Եթե որևէ ցուցակով խորհրդարանական գործունեություն իրականացնելու առաջարկ լիներ, բացառվում է, որ ընդունեի: Ես խորհրդարանական գործունեության մեջ ինձ սկզբունքորեն չեմ տեսնում. երբևէ, որևէ ֆորմատով»,- հայտնեց նա:

Գևորգ Կոստանյանը չի բացառում «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը, բայց բացառապես մասնագիտական առումով. «Ես բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ իմ համեստ ներդրումն ունենալ երկրի բարօրությանն ուղղված ցանկացած ֆորմատով, բայց բացառապես մասնագիտական, ոչ քաղաքական»:

Այն հարցին, թե Դատախազությունում տեսնում է իրեն, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես որպես փաստաբան էլ եմ ինձ տեսնում: Ես, այնուամենայնիվ, 14 տարի պետության փաստաբանն եմ եղել Եվրոպական դատարանում»:

Կոստանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը նիստեր չի գումարում, նշեց՝ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման գործով ԱԺ քննիչ հանձնաժողովը ներկայումս աշխատանքային հանդիպումների ռեժիմում է, որը հաջորդ չորեքշաբթի ավարտվում է, ինչից հետո հնարավոր է անգամ ամենօրյա ռեժիմով հանձնաժողովի նիստեր գումարվեն: 

Հարցին, թե այս խորհրդարանը կհասցնի՞ քննել այդ գործը՝ հաշվի առնելով, որ շուտով ԱԺ նոր ընտրություններ են լինելու, Կոստանյանը պատասխանեց, որ մինչեւ դեկտեմբերի վերջը՝ նոր խորհրդարանի առաջին նիստի օրը, իրենք ժամանակ ունեն. «Մենք պետք է այնուամենայնիվ շատ ինտենսիվ գործընթացը առաջ տանենք, որովհետեւ դա բոլորիս է պետք՝ անկախ քաղաքական զարգացումներից կամ հետեւանքների»:

Կոստանյանը հստակ չնշեց, թե ովքեր են հրավիրվելու հանձնաժողովի նիստին. «Կա անձանց շրջանակ, որոնք ենթակա են հրավիրման, բայց յուրաքանչյուր հրավիրվածի անհրաժեշտությունն ու հաջորդականությունը բխում է մեկի տված տեղեկություններից: Այսինքն հստակ եւ սպառիչ ցանկ անձանց եւ հաջորդականության դժվար է ասել»,-ասաց նա։ Կոստանյանը հավելեց՝ հնարավոր է՝ հրավիրվեն նաեւ ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը:

Այն դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ արդեն հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, Կոստանյանն ասաց. «Քրեական գործի տվյալներին ծանոթ չեմ, որպեսզի կարողանամ ասել՝ բացահայտվել է, թե ոչ, բայց իհարկե, քրեական գործով ձեռք բերված ապացույցները կօգնեն, բայց դա մեզ չի էլ կաշկանդում: Կարող է քրեական գործով մեկ հետեւության հանգեն, բայց մեր հանձնաժողովը բոլորովին այլ եզրակացության կարող է հանգել: Թեեւ ես ՔԿ գործունեության նկատմամբ ունեմ վստահություն: Կոնկրետ Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը եւ իր ղեկավարած մարմնի նկատմամբ վստահություն ունեմ»:

Կոստանյանը չբացառեց, որ Քննիչ հանձնաժողովի անդամները կարող են ներգրավված լինել քարոզչական ու քաղաքական գործընթացների մեջ եւ չմասնակցեն հանձնաժողովի նիստերին. «Եթե քվորում չեղավ՝ 6 մարդ ներկա չեղավ, որոշում չենք կարող կայացնել»,- եզրափակեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ