26 10 2018

Բոլթոնը բացեց Փաշինյանի գաղտնիքը․ ինչ է սպասվում ԱԺ ընտրություններից հետո. Politik.am

Բոլթոնը բացեց Փաշինյանի գաղտնիքը․ ինչ է սպասվում ԱԺ ընտրություններից հետո. Politik.am

Politik.am-ը գրում է. Հոկտեմբերի 24-ից Հայաստանում է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ ԱՄՆ նախագահի խորհրդականը կոչ է արել կարգավորել ԼՂ հակամարտությունը, բացել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ ճնշումները առավելագույնի են հասցվելու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ առավել մանրամասն խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին Բոլթոնը հայտարարել է․«Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում»։

Ամերիկացի չինովնիկի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ գոնե իրենց երկիրը սպասում է, որ առաջին քայլը պետք է անի Հայաստանը՝ «ցուցաբերելով առաջնորդություն», քանի որ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը հրաշալի դիրքեր ունի։ Իսկ ինչպես կարող է «ցուցաբերել առաջնորդություն» Հայաստանը։ Արցախի խնդրում երբ խոսք է գնում փոզիջումների մասին, ապա բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը պետք է տարածք վերադարձնի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Եվ եթե Բոլթոնը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի ընտրություններից հետո պետք է «ցուցաբերի առաջնոդրություն», այլ կերպ ասած առաջինը քայլ անի, ապա դա նշանակում է, որ Հայաստանը պետք է մինչև Արցախի կարգավիճակի հստակեցումը ինչ որ բան զիջի Ադրբեջանին, որպեսզի իր երկում հեղինակություն չունեցող և հանրային լայն աջակցություն չվայելող գործիչ Ալիևը կարողանա անել երկրորդ քայլը։

Բոլթոնի այս առաջարկն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ Նիկոլ Փաշինյանի «առաջնորդող քայլից» հետո Ադրբեջանը շատ հանգիստ կարող է տապալել բանակցությունները ցանկացած պատրվակով և փաստացի կստացվի, որ զիջում է արվել ոչնչի դիմաց։

Բոլթոնի խոսքերն ամենայն հավանականությամբ մեծ կարևորություն ունեն Նիկոլ Փաշինյանի համար։ Ազգային ժողովի ընտրություններն էլ կարծես հենց Բոլթոնի առաջարկած գաղափարի համատեքստում են հապշտապ անցկացնում։ Չէ որ հաջորդ տարվա մայիսին կամ հունիսին Նիկոլ Փաշինյանի դիրքերը կարող էին այսքան ամուր չլինել և նա չկարողանար  «ցուցաբերել առաջնորդություն»։ Այս ամենի ֆոնին պետք է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հենց ԱՄՆ-ում հայտարարեց իր կողմից ԱԺ մեծամասնության հետ ձեռք բերած պայմանավորվածության խախտման մասին, ասելով, որ ԱԺ ընտրությունները հնարավորինս շուտ պետք է կազմակերպել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ