19 10 2018

Ինչո՞ւ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ

Ինչո՞ւ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում ներկա է եղել Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքում։

Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակմանը։ Արձագանքելով այն դիտարկումներին, որ Հունան Պողոսյանը Սյունիքի մարզից չէ՝ Փաշինյանը հիշատակեց, որ իր՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու ժամանակ էլ կային խոսակցություններ, որ ինքը ծնունդով երևանցի չէ: «Տեղային հայրենասիրությունն ամենավտանգավոր երևույթն է», - ասաց նա: 

«Ես երևանցի եմ այնքան, որքան իջեւանցի, երեւանցի այնքան, որքան կապանցի, կապանցի եմ այնքան, որքան գյումրեցի, գյումրեցի եմ այնքան, որքան արարատցի, արարատցի եմ այնքան, որքան վանաձորցի, վանաձորցի եմ այնքան, որքան գորիսեցի»,- հայտարարեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե Երևանը Հայաստանի գլուխն է, Սյունիքը Հայաստանի, ողջ հայության, անգամ Արցախի ողնաշարն է, և այն չի սահմանափակվում մի մարզով, քաղաքով կամ գյուղով: Բացի այդ, Սյունիքն, ըստ Փաշինյանի, Հայաստանի ամենախոշոր արդյունաբերական կենտրոններից է, ինչով նաեւ պայմանավորված է հանրապետության համար նրա ռազմավարական նշանակությունը։

Մատնանշեց՝ Սյունիքի մարզը Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահման ունեցող միակ մարզն է և նկատեց, որ շատ հաճախ այստեղով արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի ՀՀ։ 

«Դրանց մի մասը դուրս է գալիս ՀՀ-ից՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, մի մասը մնում երկրի ներսում՝ վնասելով մեր երիտասարդներին։ Եվ ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել այդ նարկոտրաֆիկի ճանապարհը», - ասաց նա՝ հավելելով, որ միամտություն կլինի կարծել, որ դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, - «Նրանք չեն կարող դա անել, եթե չունենան գործընկերներ այստեղ»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ չնայած հայտարարում է, որ երկրում չկա օրիգարխիա, սակայն համարում է, որ ամենառիսկային մարզը և գոտին այդ առումով Սյունիքի մարզն է: «Չենք կարող թույլ տալ, որ այստեղ այդպիսի երևույթները զարգանան», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ հենց այդքանը հաշվի առնելով, Սյունիքի մարզում եղած խնդիրների մասին մտածելով՝ նա որոշել էր, որ այստեղ մարզպետ պետք է նշանակի զինվորական բարձր կոչում ունեցող մեկին: Այսպես է, նրա պատմածով, իր որոշումը կանգ առել Հունան Պողոսյանի վրա: «Ոչ մի գաղտնիք չկա, թե ով է Հունան Պողոսյանը, և ով եմ ես: Կարող եմ ասել, թե վերջին անգամ որտեղ եմ նրան տեսել՝ փշալարերից այն կողմ», - ասաց նա՝ նկատելով, որ խոսք է գնում, որ Հունան Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր բարիկադների մյուս կողմում:

Հակադարձելով այդ դիտարկմանը, նա հիշատակեց, որ նման խոսակցություններ եղել են նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, սակայն հիմա հանրությունը նրանց ողջունում է:«Պարո՛ն Պողոսյան, ես հույս ունեմ, որ երբ հաջորդ անգամ գամ, մարդիկ ձեզ նույնպես այդպես ողջունեն Կապանում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև հրապարակում հայտնեց, թե ինչ հանձնարարություններ է տվել Սյունիքի նոր մարզպետին՝ ապահովել օրինականությունը, նոր ներդրողների համար պայմաններ, որ յուրաքանչյուր պոտենցիալ ներդրողի հետաքրքրությունը դառնա իրականություն, նոր ներդրումներ, նոր աշխատատեղեր և ապահովել սյունեցիների ազատությունը պոտենցիալ օլիգարխական վտանգների, կրիմինալի և այլ կարգի ճնշումներից:

«Հիմա ասելու են՝ Հունան Պողոսյանը պե՞տք է ապահովի: Այո՛, որովհետև նա նշանակված է ժողովրդի կառավարության կողմից: Այլ կերպ լինել չի կարող», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ 2013թ. Հունան Պողոսյանի մասին արած իր հայտարարությանը, որը վերաբերել է նախկին փոխոստիկանապետի և Շանթ Հարությունյանի միջև եղած միջադեպին: Նշեց, որ ինքը հիմա անհարմար վիճակում է գտնվում այդ հայտարարության պատճառով: Պատմեց, որ այն ժամանակ դա արել է՝ հիմնվելով իր «բարեկամ» Շանթ Հարությունյանի խոսքերի վրա: Սակայն հետո այդ միջադեպի հետ կապված ցուցմունքներում Շանթ Հարությունյանը որևէ բացատրություն չի տվել: «Ես միջնորդել եմ, որ իրավապահ մարմինները նորից քննեն այդ գործը, և Հունան Պողոսյանի պատասխանատվությունն ու պարտականությունը կլինի այդ քննության ժամանակ ամբողջ ճշմարտությունը պատմելը», - ասաց նա՝ հավելելով․«Որպես վարչապետ՝ հարց եմ տվել Հունան Պողոսյանին այդ միջադեպի հետ կապված, և ստացել եմ պատասխան: Չեմ ասի, թե ինչ պատասխան է եղել, բայց այն ինձ բավարարել է»:

Փաշինյանը նշեց՝ ուզում են մի Հայաստան, որտեղ տեղ չունեն բռնությունը, ծայրահեղականութունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան: «Երեկ ես հայտարարություն արեցի, թե ՀՀ-ում այլևս չկան օլիգարխներ, և իմ այս հայտարարություններից հետո եղան հայտարարություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ հայտարարությունների հետևում», - ասաց նա:

Փաշինյանն առաջարկեց արձանագրել, որ այսքան տարի ՀՀ-ում օլիգարխան ամենաշատ օգտագործվող բառերից է: «Այն նշանակում է՝ քչերի իշխանություն, քչերի իշխանության ներկայացուչիչ: Եվ ասելով, որ չկա օլիգարխիա, ես ասում եմ, որ քչերի իշխանությունն այևս տապալված է, և ՀՀ-ում հաստատված է մեծամասնության, այսինքն՝ ժողովրդի՝ ձեր իշխանությունը, - ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ ովքեր նախկինում օրիգարխներ են եղել, դադարել են գոյություն ունենալուց. «Ո՛չ: Նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց, որովհետև ՀՀ-ում չի կարող լինել մարդ, որ մտածի ինքն ուժեղ է ժողովրդից, որ մտածի իր իշխանությունն ավելի ուժեղ է ժողովրդի, պետական իշխանությունից»:

Փաշինյանը նաև նշեց՝ ՀՖՖ նախագահը տեղեկացրել է, որ Կապանի մարզադաշտի նորոգման հարցը կլուծեն մեկ–մեկ ու կես տարվա ընթացքում։ 

«Հիշում եք, որ պայմանավորվել ենք այստեղ մարզադաշտի հարցով, ես ասել եմ, որ ֆուտբոլը պետք է վերադառնա Կապան։ Դրանից հետո մի ամիս առաջ Արթուր Վանեցյանը ընտրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լուծի այդ խնդիրը»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Կապան գալուց առաջ նա Վանեցյանից էլեկտրոնային նամակագրությամբ ճշտել է՝ ինչ փուլում է մարզադաշտի նորոգումը։ ՀՖՖ նախագահն ասել է, որ իրավական պրոբլեմ կա՝ դաշտը մեկ հոգու է սեփականաշնորհված, հանդերձարանը՝ մեկ ուրիշի, այդ մարդիկ իրար հետ լավ հարաբերություններ չունեն. «Այդ իրավական գործընթացները անցկացնելուց հետո ՀՖՖ–ն իր հաշվին կնորոգի ստադիոնը եւ խաղերը կանցկացվեն այնտեղ, այսինքն ստադիոնում։ Հարցնում եմ՝ հաստատ՝ պատասխանում է՝ այո»։

Փաշինյանին ասել են, որ խոտածածկը շատ վատ վիճակում է, հանդերձարանները ահավոր վիճակում են, նույնիսկ նվաստացուցիչ է, որ ֆուտբոլիստները այնտեղ փոխվեն։ Այս պատճառով էլ նորոգումը, ՀՖՖ նախագահի հաշվարկով կտեւի մինչեւ 1,5 տարի։

Փաշինյանը նաև նշեց՝ Կառավարության գործունեության մասին առաջին օրից ինչ հոռետեսական կանխատեսում ասես, չէին անում, ասում էին այս կառավարությունը չի կարող՝ արտաքին քաղաքականություն ոնց կարող է, հետո սկսեցին ահազանգել՝ հայ–ռուսական հարաբերությունները փլուզվում են, քանդվում են, կատաստրոֆա է, հետո, տեսան, որ հայ–ռուսական հարաբերությունները լավ են առավել, քան երբևէ, հիմա էլ ասում են՝ ծախվել է Ռուսաստանին։

«Հետո ասում են, այ, որ ծախվել է Ռուսաստանին, ուրեմն վերջ, Արեւմուտքի, Եվրամիության հետ մեր հարաբերությունները պրծավ, չի լինի։ Ազնիվ մեր ցեղը կորչելու ա զուր տեղը։ Հետո եկավ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ դրանից առաջ էլ դուք տեսաք, թե ինչ հարաբերություններ կան իմ եւ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Կանադայի վարչապետի, հիմա էլ ասում են՝ սրանք հաստատ արեւմտամետ են, Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդվելու են։ Ժողովուրդ ջան մի արեք հոռետեսական կանխատեսումներ, որովհետեւ չեն իրականանալու»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արտաքին քաղաքականությունից նա անցավ երկրի անվտանգության մասին հոռետեսական կանխատեսումներին. «Պատերազմ ա՝ հաջորդ շաբաթ՝ չորեքշաբթի պատերազմը սկսվում ա... Եվ այսօր հայ–ադրբեջանական սահմանին աննախադեպ հանգիստ իրավիճակ է վերջին 20 տարվա համար»։

Բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ ինքը  չի կարողանալու ապահովել կայունությունն ու ներքին անվտանգությունը, Փաշինյանը հիշեցրեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համերգը, երբ 40 երկրների եւ 40 000 ժողովրդի միջեւ ընդամենը մեկ մետրանոց սահման էր եւ ՊՊԾ 5 աշխատող։ Նա ասաց, որ երկրների ղեկավարները ամենաշատը հենց այս անվտանգության զգացողությամբ էին տպավորվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ