ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ ԼՂ խնդրի ցանկացած կարգավորում պահանջելու է «գրավյալ» տարածքների որոշ մասի վերադարձ:
«1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ՝ փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները:
2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակում ձեռք բերված երեք հիմնարար մոտեցումները ոչ թե ինքնըստինքյան են տրվել, այլ հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք են եղել:
3. Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն յուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը, վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհանգստությունները:
4. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր իշխանությունները չեն կարող անվերջ մնալ նոր մոտեցումների դիվանագիտական արտահայտման ամորֆ փնտրտուքի մեջ: Պատահական չէ, որ անգամ իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանաձևերում նոր իշխանությունները նորից ստիպված են ապավինել մեր օրոք արած մշակումներին, օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում կոնֆլիկտների մասին ընդունված բանաձևն է:
5. Դեսպանի հայտարարությունը բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը, երբ մեկ ուժի տոտալ մենիշխանության պարագայում թուլացած են պատեհ պահին պետական շահերի պաշտպանության բեռը իրենց վրա վերցնելու պատրաստ ուժերի ռեսուրսները: Սա ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական բազմակարծություն ունենալու կարևորությունը ապագա խորհրդարանում, ուժեղ արմատական ընդդիմությամբ, որը հարկ եղած դեպքում իր վրա կարող է վերցնել տարաբնույթ աշխարհաքաղաքական խաղերին հակազդելու ծանրությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը