17 10 2018

«ՔՊ»-ն ընտրություններին կմասնակցի առանց «Ելք»-ի գործընկերների․ Փաշինյան

«ՔՊ»-ն ընտրություններին կմասնակցի առանց «Ելք»-ի գործընկերների․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հյուսիսային պողոտայում շրջել է սիրիահայերի ցուցահանդես-տոնավաճառում:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով վարչապետի թեկնածու առաջադրվելու, բայց չընտրվելու տարբերակին, նա նշեց, որ դա քաղաքական հարց չէ, իրավական հարց է:

«Իրավաբանների բանավեճեր են տեղի ունենում: Ճիշտն ասած՝ օրվա երկրորդ կեսի քննարկումների արդյունքում ավելի ծանրակշիռ էր այն կարծիքը, որ ընդհանրապես այդպիսի մեկնաբանությունը ճիշտ չէ՝ կապված առաջադրման անհրաժեշտության հետ: Մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի»,- ասաց նա՝ հավելելով․ «Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, և ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասը ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ ՔՊ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու: «Կամ էլ եթե դաշինքով, ապա` «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Մեծ հավանականությամբ այդպես էլ տեղի կունենա, բայց քանի որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «Իմ քայլը» դաշինք լինի»,-նշեց Փաշինյանը:

Հարցին, թե «Ելք»-ի իրենց գործընկերները կլինե՞ն դաշինքում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև ասացի, որ Երևանի ավագանու ընտրությունների ֆորմատով ենք գնալու»:

Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին։ Ղազարյանին ներկայացնելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մարդիկ ունեն և պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չենք վերաբերում մեր ունեցած հարկային պարտավորություններին:

«Սա շատ կարևոր եռանկյունի է: Այն քաղաքացին, որ արդարացիորեն պահանջում է լուծումներ, պետք է հասկանա, որ ինքը նաեւ այդ լուծումների մասնակից է: Երբ պատշաճ ձեւով հարկերը վճարում է, ապա իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Մենք այդ բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ:

Մարդիկ պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, բայց արդյոք բոլոր մարդիկ ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Վախենամ, այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է: Շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, որոնք օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» և ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ երբ գնացել էին Արարատի մարզում արտադրական տարածքներ, ընկերությունների ներկայացուցիչներն ասում էին, որ միշտ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել ազնվամորի, սիդրիկ, շուշան եւ այլն: «Մարդիկ Տավուշի, Սնյուիքի, Լոռու մարզերից բերում են: Բայց նրանց գործունեությունը բավարարում է պահանջարկի չնչին տոկոսը: Ես չեմ ասում, բոլորս ամեն ինչ թողնենք գնանք սինդրիկ հավաքելու: Կառավարությունն ունի պարտավորություն մարդկանց բարեկեցությունն ապահովելու, սակայն երբ որեւէ ընտանիք ոչինչ չի անում իր բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ, ապա շատ դժվար է հավատալ, որ հրեղեն կառավարություն կձեւավորի ու ստիպողաբար այդ ընտանիքի բարեկեցությունը կապահովի: Ուզում եմ էլի ընդգծել, որ նոր ժամանակները աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն, նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են: Դրա համար պետք է հարկ վճարող քաղաքացիների թիվը մեծ լինի: Մեր խնդիրն է, որ այդ հարկերն արդյունավետ ծախսվեն»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ