ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին: Նա, մասնավորապես, նշել է, որ պատճառը երկրում տիրող ճգնաժամային իրավիճակն է:
ԱԺ Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ինքը միշտ, ցանկացած պահին կկանգնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին:
«Կա լայն կոնսոլիդացիա հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ, և դա նշանակում է, որ եթե մենք ունենք հասարակական կոնսոլիդացիա, ապա այսօրվա իշխանությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, ունի այն մակարդակը հանրային աջակցության, որը կարիք ունի օժանդակելու իրավական հարթության մեջ։ Ի՞նչ է դա նշանակում. եթե հիմա այս պայմաններում որևէ քաղաքական ուժ, վարչապետի հրաժարականի դեպքում, առաջադրի իր թեկնածուին, սա շատ լուրջ քաղաքական ու հասարակական ռեզոնանս է առաջացնելու։ Եթե կա որևէ թեկնածու, որն ունի առնվազն նման հասարակական կոնսոլիդացիայի հիմք, մենք կարող ենք քննարկել։ Բայց ես նման թեկնածու չեմ տեսնում, հետևաբար ես կարծում եմ, որ այս իրադրության պայմաններում որևէ այլ թեկնածուի առաջադրելը կարող է արհեստածին լինել և խոչընդոտել», - հայտարարել է Կոստանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին:
«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։
Դուխո՛վ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը