ՀՀ քննչական կոմիտեն նշում է կոմիտեի աշխատողի օրը, որին նվիրված հանդիսավոր նիստին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը կոմիտեի աշխատողներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և մաղթեց հաջողություններ օրինականության, արդարության հաստատման գործում:
«Ես այստեղ էլի եմ ասել, որ պետք չէ թաքցնել, որ ՀՀ-ում իրավապահ համակարգերի ու հասարակության հարաբերությունների բարդ շրջան է եղել, և այսօր նոր հարաբերությունների հաստատման կարևոր շրջանում ենք։ Ես մեծ խնդիր եմ համարում այն երևույթը, որ իրավապահ համակարգերի ու հասարակության միջև չի լինում համագործակցություն։ Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն անցել ենք և գիտենք այդ պատճառները, թե ինչու էր նման բարդ շրջափուլ։ Այսօր կարող ենք արձանագրել,որ այդ պատճառները վերացվել են»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ տեղյակ է քննիչների ծանրաբեռնվածության մասին և շնորհակալ է նման պատասխանատվությամբ այդ ծանրաբեռնվածության ընթացքում աշխատելու համար։
ՀՀ վարչապետը նշեց, որ բացառված է, երբ իրավական հիմքերը կան, սակայն անձը պատասխանատվության չի ենթարկվում քաղաքական միջամտության պատճառով: Նա ընդգծեց, որ բացառված է անմեղ քաղաքացին ենթարկվի հետապնդման որևէ միջամտության պատճառով։ «Նաև նշեմ,որ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություն ոչ միայն չի լինում, այլ նաև բացառված է։
Կա այսպես ասած բարիկադներ կառուցելու կամ դրանք ապամոնտաժելու ժամանակ: Մենք մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ճանապարհին: Արտահերթ ընտրությունները կլինեն այդ սահմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը