04 10 2018

4-ից ավելի ղեկավարի այցը Հայաստան տո՞ն է, թե՞ հիշատակ․ Ուշագրավ քննարկում՝ կառավարությունում

4-ից ավելի ղեկավարի այցը Հայաստան տո՞ն է, թե՞ հիշատակ․ Ուշագրավ քննարկում՝ կառավարությունում

Կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում բուռն քննարկվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի օրակարգով կառավարությունը Ազգային ժողովին առաջարկեց 2018 թվականի հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Այն պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը ոչ աշխաանքային դարձնելու հետ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ պետք է նշվի, որ ոչ թե չորս և ավելի պետություների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, այլ բացառիկությամբ պայմանավորված: «Սա պետության և հանրային կյանքի բացառիկ իրադարձությունների հետ է կապված: Հնարավոր է չորս և ավելի երկրների ղեկավարներ գան և այդպիսի անհրաժեշտություն չառաջանա, մանավանդ, մենք անդամ ենք կազմակերպությունների, որտեղ հինգ կամ վեց անդամ կան, և դրանց ղեկավարները եկել են ու նման խնդիր չի առաջացել»,-ասաց նա:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մտահոգություն հայտնեց, որ եթե «բացառիկ» գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա, և, տեսականորեն, ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ: «Ես չեմ մասնակցել այս ձևակերպումը գտնելու գործընթացին, բայց երբ Տիգրան Ավինյանը կարդում էր նախագիծը, մտածում էի՝ ինչ լավ ձևակերպում է կարողացել գտնել»,-ասաց նա:

Վարչապետը հարց բարձրացրեց, թե ինչու կանխավարկած կա, որ կառավարությունը նստած մտածում է, թե ինչպես տեղափոխի աշխատանքային օրերը, և նշեց, որ եթե այդպիսի կառավարություն լինի, հասարակությունն իրենց կուղարկի հանգստանալու:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հարցը կապված է կառավարության լիազորությունների հետ և մտածում են՝ Ազգային ժողովում քննարկման առարկա կդառնա: Նրա խոսքով՝ վարչապետը սուբյեկտիվ է: Վարչապետը չհամաձայնեց կառավարության անդամների հետ և նշեց. «Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ ի սկզբանե տրված է բացառիկ իրադարձության ձևակերպումը,  բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն և Ազգային ժողովում տարընթերցումներ կլինեն: Փաշինյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ են չորս և ավելի երկրների ղեկավարների նշել և ոչ թե կոնկրետ մեկ թիվ: «Թե չէ ինչպես այդպիսի մեծ լիազորոթյուններ կարելի է տալ կառավարությանը»-հեգնեց նա:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իր մտահոգությունը կապված էր նախագծի անվան հետ: «Ինձ անհանգստացնում է, որ սա տոների և հիշատակի օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»,-նշեց նա և դա առաջացրեց կառավարության անդամների ծիծաղը:

«Մենք դա համարում ենք հիշաժան իրադարձություն»,-ասաց նա և, ճիշտ դիտարկում համարելով Արտակ Զեյնալյանի բարձրացրած հարցը,  ասաց, որ վերնագիրը փոխեն: «Экзамен для нас всегда праздник»,-կատակեց նա:

Որպես ամփոփում վարչապետն ասաց, որ այս որոշումը ոչ միայն ղեկավարներ հետ է կապված, այլ գագաթաժողովին հազարավոր մարդիկ են մասնակցելու և նրանք, ըստ էության Երևանի բոլոր կողմերից նույն ժամին նույն տեղը պետք է հասնեն, ուստի պետք  է այնպես կազմակերպել, որ ուշացումներ չլինեն, մարդիկ խցանումների մեջ չհայտնվեն:

Վարչապետը նշեց, որ այս քննարկումը  ցույց տվեց՝ պարզ հարցերի լուծման ճանապարհին բարդ խնդիրների առաջ են կանգնում՝ սկսած վերնագրից: Նա առաջարկեց փոփոխություն կատարել և չորս և ավելի ղեկավարների այցից բացի նշել, «ինչպես նաև բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:

Այսպիսով որոշումը ընդունվեց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ