03 10 2018

ԵԽԽՎ-ն կոչ է անում հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը

ԵԽԽՎ-ն կոչ է անում հարգել ժողովրդավարական սկզբունքները և օրենքի գերակայությունը

Հայաստանի գծով մոնիտորինգի համազեկուցողը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին ամբողջությամբ հարգել ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

«Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միաժամանակ, ընտրություններին մասնակցության թիվը ցույց տվեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է: Հետևաբար, անչափ կարևոր է, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրություններն ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար՝ բոլոր քաղաքական մրցակիցների և մասնակիցների կողմից: Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ մենք էլ կոչ ենք անում իշխանություններին, և բնականաբար, բոլոր քաղաքական դերակատարներին, ապահովել արտահերթ ընտրությունների լիարժեք կերպով համապատասխանությունը ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար: Սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքն իսկապես փոխվի, ինչպես որ ցանկանում են որոշ քաղաքական դերակատարներ: Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեք կերպով համապատասխանի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցներին, այդ թվում այն մասով, որը վերաբերվում է ընտրական օրենսդրության կայունությանը, և հիմնված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի կոնսենսուսի վրա»,- ասել է տիկին Լովոչկինան: Նա ընդգծել է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, որոնք սրել են լարվածությունը երկրի ներքաղաքական դաշտում և հանգեցրել հնարավոր քաղաքական հետապնդումների և ենթադրությունների, որ գործերի հետաքննությունը պաըմանավորված է քաղաքական շարժառիթներով, համազեկուցողն ասել է. «Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում իշխանությունների հավաստիացումներն առ այն, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիարժեք կերպով հարգվեն, և որ արդարադատությունը պետք է գործի առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ զերծ մնալով ցանկացած քաղաքական ազդեցությունից: Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողության համար՝ անկախ այն բանից՝ ով է դա գործել: Հետևաբար մենք ողջունում ենք ցանկացած արժանահավատ քննություն՝ 2008թ. մարտին տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունների 10 զոհերի գործով: Այնուամենայնիվ, ցանկացած քննություն, այդ թվում կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և արդար դատավարության սկզբունքներին խստորեն հավատարիմ մնալու պայմաններում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»:

Մոնիտորինգի հանձնաժողովի հանձնարարականով համազեկուցողները մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ վերջին զարգացումները քննարկելու նպատակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ