Այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդավարական իշխանություն: Եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչը չեմ, ուրեմն ընտրություններ չեն կայանա, եթե պարզվի, որ ես վարչապետի կարգավիճակում ժողովրդի ներկայացուցիչն եմ, ուրեմն ընտրությունները կկայանան»,- շեշտեց վարչապետը:
Փաշինյանը միտումնավոր համարեց խորհրդարանական մի քանի ուժերի կողմից ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությանն ուղղված քայլերը.
«Հիմա, եթե հարց է գնում` հակահեղափոխություն կա, թե չկա, կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ՀՀ-ում կա հակահեղափոխություն, և Հայաստանում հակահեղափոխական են այն ուժերը, ովքեր պաշտպանել են և պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը.ինձ հավաստիացնում են, որ դա 3 քաղաքական ուժերի կողմից ներկայացված նախագիծ է: Այն պատգամավորը, ով կաջակցի այդ նախագծին, ինքը ցանկանում է, որ կոռուպցիոն նախագիծը հասնի ռևանշի կառավարության նկատմամբ, մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ու նրան ներկայացրել ընտրությունների անցկացման շուրջ իր դիրքորոշումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը