ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով ներկայացնում է Նյու Յորքում և Դուշանբեում ունեցած հանդիպումների մանրամասները։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա նրանց առաջին հանդիպումն էր: «Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:
Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Ն. Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել: «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-ասաց նա:
Հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելով՝ վարչապետը նշեց, որ հայ–ռուսական հարաբերությունների հետհեղափոխական անցումային շրջանը կարելի է համարել ավարտված։
«ՌԴ նախագահի հետ մենք ունենք լիարժեք փոխըմբռնում, դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ համաձայն ենք և տարաձայնություններ չկան։ Ես կարծում եմ՝ մեր հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, կա հրաշալի աշխատանքային մթնոլորտ և մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել միմյանց ներքին գործերին չմիջամտելու և միմյանց ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այն, որ ինքն ամեն անգամ ՌԴ նախագահի հետ հանդիպելիս՝ խոսում է մեր երկրի ինքնիշխանության մասին, պետք չէ դիտարկել որպես արտառոց մի բան։
«Հենց մեր առաջին հանդիպումից հետո այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները։ Անկեղծ ասեմ՝ այդ թեման առաջինը բացել է Պուտինը։ ԵԱՏՄ գագաթնաժողովն էր, երբ հանդիպումից հետո ճաշի սեղանի շուրջ նա ասաց՝ ես գիտեմ, որ այդպիսի տեսակետ կա, որ ՌԴ ն բավարար հարգանքով չի վերաբերվում ԵԱՏՄ իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը։ Նա հավաստիացրեց, որ լիարժեք հարգանքով է վերաբերվում գործընկերների ինքնիշխանությանը, և, ընդհակառակը, ընդգծում է այդ սկզբունքի կարևորությունը։ Ասաց՝ կաշխատենք, ժամանակի ընթացքում կհամոզվեք, որ դա միայն խոսքով չէ, այլ գործնականում։ Կարող եմ ասել, որ ժամանակը ցույց է տվել այդ խոսքերի հավաստիությունը։ Ամեն անգամ, երբ Պուտինի հետ այս թեմայով խոսում եմ, ընդգծում եմ նաև սա որպես կարևոր ձեռքբերում և հիմք մեր հարաբերությունների բնականոն զարգացման համար»,-նշեց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը