27 09 2018

ՌԴ-ն հուսով է՝ Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա

ՌԴ-ն հուսով է՝ Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա

Ռուսաստանը հուսով է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի անդրադառնա կազմակերպության գործունեության վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է РИА Новости-ն։

«Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ պետությունները, հետաքրքրված են այն հարցում, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ի արդյունավետության և համակարգված գործունեության վրա»,- նշել է Պանկինը։

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ «հայկական կողմը նախաձեռնել է այդ պաշտոնում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։ Գործընթացը սկսված է և իրականացվում է ՀԱՊԿ-ում գործող ընթացակարգով»։ Փոխնախարարը հավելել է, որ «կազմակերպության գործունեության երկարամյա փորձը տալիս է վստահորեն առաջ նայելու բոլոր հիմքերը»։

«Առջևում մի շարք կարևոր միջոցառումներ կան, այդ թվում՝ ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կկայանա նոյեմբերի 8-ին Աստանայում, և որի ժամանակ պետությունների ղեկավարները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացման հարցերը»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայում «ՀԱՊԿ-ում աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումներն ըստ ծրագրի իրականացվում են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ