Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀՀԿ Գերագույն մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Քննարկվող հարցերի օրակարգը հայտնի չէր, իսկ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ականները հրաժարվեցին մանրամասներ ներկայացնել օրակարգի վերաբերյալ։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նիստին քննարկել են, թե ինչպես են արձագանքելու ԱԺ-ն լուծարելու վերաբերյալ բանակցություններ սկսելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, հայտնեց․ «Դեռևս ոչ մեկը չի եկել մեզ հետ խորհրդակցելու, որ այդ մասին ինչ-որ բան ասենք: Եթե վարչապետը կգա, կցանկանա քննարկումներ անել, այդ ժամանակ կքննարկենք: Մենք արտահերթ ընտրությունների հետ կապված միանշանակ հարց չենք քննարկել: Ես կարող եմ իմ կարծիքն ասել՝ դա սխալ երևույթ է»:
Հարցին, թե ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է արտահերթ հնարավոր խորհրդարանական ընտրություններին, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եթե տեղի ունենան, կմասնակցենք, կպայքարենք»: Պատգամավորը նշեց նաև, որ ինքնալուծարումը պետության համար ամենավտանգավոր երևույթներից մեկն է: «Չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունը պիտի գնա այն ճանապարհով, որն առաջարկում է կառավարությունը»:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում 80 տոկոսից ավելի ձայն ստացավ, քանի որ նաև ՀՀԿ-ն չէր մասնակցում այդ ընտրություններին: Նա հավելեց, որ նախկին քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը, լավ քաղաքապետ էր, սակայն գործող իշխանությունները նրան չաջակցեցին, նա հրաժարական տվեց, և այդ պատճառով էլ ՀՀԿ-ն չմասնակցեց ընտրություններին:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությանը, ապա ՀՀԿ-ականն ասաց, որ եթե երկրորդ նախագահն իրենց կուսակցության ծրագրին մոտ ծրագրեր առաջ քաշի, միգուցե և լինի համագործակցություն:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ևս հրաժարվեցին մանրամասնել, թե ինչ է քննարկվել ԳՄ նիստի ընթացքում։ Դավիթ Հարությունյանը միայն նշեց, որ իրենք պատրաստ են քաղաքական բանակցությունների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը