ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Ըստ նրա՝ քաղաքական դաշտը կոլապսի է ենթարկվել, և նման պայմաններում ընտրությունների գնալով՝ «մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու»։
«Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ: Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնությունը կազմում, ապա նախագահը պետք է հրաժարակա՞ն տա, որովհետև իրավիճակ է փոխվել։Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի ընտրություններ են լինելու, որի արդյունքում դեմոկրատները, ըստ բոլոր կանխատեսումների, մեծամասնություն են կազմելու։ Արդյոք՞ դրանից բխում է, որ իրավիճակի փոփոխության հետևանքով Թրամփը պետք է հրաժարական տա, և նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն։
Ժողովրդավարական երկրներում պարբերաբար իրավիճակներ են փոխվում, և դա լավ է, սակայն կարևոր է, որ վիճակի փոփոխությունը կայունանա և մարդիկ վստահ լինեն, որ ոչ թե հանգամանքների ազդեցության տակ են կատարում իրենց ընտրությունը, այլ դա խոր մտածված քայլ է։Այս և նախորդ խորհրդարանները, իմ համոզմամբ, լեգիտիմ չեն եղել, և ընտրությունների արդյունքներին չեմ հավատացել ու հիմա նույնպես չեմ հավատում։ Այսինքն՝ ներկայիս ԱԺ-ն ձևավորվել է ձայների մանիպուլյացիաների արդյունքում, իրենց դերն են կատարել նաև ընտրակաշառքները։ Սակայն այն ժամանակ ԵԼՔ-ի բոլոր անդամները հայտարարում էին, որ իրենց օգտին տրված բոլոր ձայներին իրենք տեր են կանգնել։ Այսինքն՝ ստացել են ընդամենը 121.997 ձայն:
Այսինքն՝ լեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Դրա համար բազմաթիվ մարդկանց կողմից քննադատության են ենթարկվել՝ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալու համար։ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքական դաշտը քայքայված է, կոլապսի է ենթարկվել և նման պայմաններում ընտրություն գնալով մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու։ Վստահ եմ, որ մեզ կայուն քաղաքական ինստիտուտներ են պետք։ Գարնանը քաղաքական պատկերը ավելի հստակ կլինի։
Խորհրդարանը մենք ընտրում ենք 5 տարով, ու բացառված չէ, որ մեկ կամ երկու տարի հետո դարձյալ իրավիճակը փոխի, ապա այդ ժամանակ ի՞նչ ենք անելու, էլի՞ հեղափոխություն։ Ժամանակ պետք է տրվի նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման ու կայացման համար, ինչպես նաև հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել գործող կառավարության ունակությունների ու արդյունքների մասին և կարողանա գիտակցված ընտրություն կատարել՝ գարնանը»,- գրել է քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը